16/07/2019 17:52
Երևանի ռուսական թատրոնն իր տնօրենին չի «գտնում». կրկին ԺՊ է նշանակվել, այս անգամ՝ դերասանուհի Մարիաննա Մխիթարյանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն, դերասանուհի Մարիաննա Մխիթարյանին: Նոր տնօրենին պաշտոնը վստահվել է մեկ ամսով, այնուհետև թատրոնի տնօրենը կընտրվի մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած թեկնածուների ընտրության միջոցով:
Երկարամյա տնօրեն Ֆրեդ Դավթյանի ազատումից հետո սա այս թատրոնի տնօրենի՝ արդեն երկրորդ ԺՊ-ն է. նախկինը Յուրի Իգիթխանյանն էր, ով 6 ամիս թատրոնի տնօրինությամբ զբաղվելուց հետո հայտ ներկայացրեց՝ մասնակցելու պաշտոնապես հայտարարված տնօրենի մրցույթին: Սակայն, քանի որ միակ թեկնածուն էր, մրցույթը հետաձգվեց: Ոլորտը կարգավորող գերատեսչությունն էլ նրան փոխարինեց նոր ժամանակավոր պաշտոնակատարով՝ այս անգամ մրցույթին մասնակցելու հայտ ներկայացնելու համար սահմանելով ոչ թե 6, այլ՝ 1 ամիս ժամանակ:
Aysor.am-ի հետ զրույցում Մարիաննա Մխիթարյանը խոստովանեց՝ այս նշանակումն իր համար անակնկալ էր, որը փոխել է նաև դերասանուհու՝ մինչև նշանակումն ունեցած ծրագրերը:
«Մի քանի օր առաջ ես պետք է և՛ փառատոնի, և՛ Համազգային թատրոնի հետ կապված մի քանի ծրագրերի շրջանակներում Մոսկվա մեկնեի, բայց նախարարության անսպասելի առաջարկի արդյունքում՝ մեկնումս չեղարկվեց: Ռուսական թատրոնն ինձ հոգեհարազատ է: Երբ փոքր էի, մայրս այս թատրոնում էր աշխատում: Հետագայում էլ ես դարձա Ալեքսանդր Գրիգորյանի ուսանողը, սովորում էի նրա կուրսում: Ճիշտ է, երբևիցե այստեղ չեմ աշխատել, բայց չեմ հիշում իմ կյանքից որևէ շրջան, որ այս թատրոնից հեռու լինեմ», - նշեց մեր զրուցակիցը:
Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին թատրոնում ներկայացրել են գերատեսչության ներկայացուցիչները: Վստահեցնում է՝ ո՛չ հասարակությունը, ո՛չ էլ թատրոնի անձնակազմն իրեն սվիններով չեն ընդունել, այսպես ասած՝ որևէ «թարս խոսք կամ թարս հայացք» իր հասցեին չի նկատել:
«Հուլիսի 10-ին՝ իմ նշանակման հրամանից հետո, նրանց ուղեկցությամբ գնացել եմ թատրոն: Այնտեղ էին իմ ընկեր Յուրի Իգիթխանյանը (տնօրենի նախկին ԺՊ) և թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը՝ տիկնոջ հետ: Ինձ ներկայացրել են, զրուցել ենք: Երկու օր առաջ էլ եկա թատրոն, Յուրայի հետ կոնկրետ հարցերի, անելիքների մասին խոսեցինք, մեզ միացավ նաև պարոն Ներսիսյանը, անկեղծ ու ջերմ զրույց ունեցանք: Հանդիպել եմ նաև գլխավոր հաշվապահի, փոխտնօրենի հետ», - ընդգծեց նա:
Կմասնակցի՞ տնօրենի՝ 1 ամիս անց սպասվելիք մրցույթին, թե՞ ոչ, ժամանակավոր պաշտոնակատարը դժվարանում է պատասխանել: Ասում է՝ այս մեկ ամսվա ընթացքում թատրոնում իր առաքելությունն այն է լինելու, որ աշխատանքները ճիշտ զարգացում ունենան, պատշաճ ձևով իրականացվեն: Իսկ թե ի՞նչ կորոշի հետո՝ ժամանակը ցույց կտա:
Ի դեպ, Մարիաննա Մխիթարյանը նաև Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հաստիքային դերասանուհի է: Ռուսական թատրոնում տնօրենի ԺՊ նշանակվելուց հետո նա նոր պայմանագիր կնքեց Սունդուկյանի հետ՝ մեկ դրույքը դարձնելով կես: