17/07/2019 15:13
«Առայժմ կարգավիճակ չունեմ». Դավիթ Գրիգորյանին խուզարկել են պաշտոնեական կեղծիքի փաստի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկությունը կատարվել է պաշտոնեական կեղծիքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց հենց ինքը՝ դատավորը։
«Քրեական գործը, որի շրջանակներում կատարվել է խուզարկությունը, որևէ կապ չունի Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործի հետ։ Դա մեկ այլ գործ է։ Կարող եմ ընդամենը մեկ բան ասել, որ դա այլ գործ է, որը հարուցվել է պաշտոնեական կեղծիքի փաստի առթիվ», - մեզ հետ զրույցում ասաց դատավորը։
Հարցին, թե ի՞նչ կարգավիճակ ունի նա այդ քրեական գործով, Գրիգորյանը պատասխանեց. «Առայժմ ոչ մի կարգավիճակ չունեմ»։
Հետաքրքրվեցինք, թե իր կարծիքով արդյոք այս խուզարկությունը և ընդհանրապես, հարուցված քրեական գործը որևէ առնչություն կարո՞ղ է ունենալ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով իր որոշման հետ, դատավորը պատասխանեց. «Կարծում եմ՝ բոլորին էլ պարզ է»։
Ավելի վաղ Aysor.am-ին ՀՔԾ մամուլի խոսնակը տեղեկացրել էր, որ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկությունը կատարվել էր ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում, սակայն չէր հստակեցրել, թե ի՞նչ քրեական գործի մասին է խոսքը։