17/07/2019 12:23
Կա իշխանության ռեյտինգի անկում, չի կարելի կատարյալ հիմարի տեղ դնել ժողովրդին. Հոգեբան
Այն, ինչ այսօր կատարում է իշխանությունը՝ աբսուրդ է, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի ավագանու նախկին անդամ, «Առողջ հանրություն« ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը:
«Հայտարարում են, որ ունենալու ենք բարեկեցիկ կյանք, բերում, մտցնում են գենդերային օրենքներ: Հայտարարում են, որ ունենալու ենք լավ առողջապահություն, ունենում ենք գարդասիլի պատվաստում: Մեր հանրությունն էյֆորայի մեջ էր ու հույսեր ուներ, հիմա տեսնում ենք փաստը, որ քաղաքացիները բռնում են արտագաղթի ճանապարհը», - ասաց Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ ժամանակին խոստանունում էին, ու այդպես էլ արեցին, մարդկանց մի մասի տույժ ու տուգանքները ներեցին, բայց դա, ընտրակաշառքի տեսակ էր:
«Գալիս է հիասթափության փուլը», - ասաց Մարինա Խաչատրյանը:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ հոգեբան Միհրդատ Մադաթյանն էլ նշեց, որ մեկ տարուց ավելի անցել է, սակայն ոչինչ չի փոխվել:
«Նկատել եմ տենդենց, որ եթե լրատվականներով տեսնես ու լսես, մենք ապրում ենք ուտոպիական երկրում, բայց հենց շփվում ես իրականություն հետ, բոլորովին էլ այդպես չէ: Այն լոզունգները, որոնցով տեղի ունեցավ իշխանափոխությունը, ոչ մեկն իրականություն չդարձավ», - ասաց Մադաթյանը:
Նա նշեց, որ բնականաբար, հանրության տրամադրությունը լինելու է բացասական, որն արդեն նկատելի է:
«Կա իշխանության ռեյտինգի անկում, չի կարելի կատարյալ հիմարի տեղ դնել ժողովրդին, դրա համար այս անկումը շատ արագ նկատելի է», - ասաց Մադաթյանը:
Որպես օրինակ նա նշեց, որ երբ գյուղացիները ոռոգման ջուր չունենալու պահանջով կառավարության առաջ բողոքի են ելել, որևէ մեկը նրանց չի արձագանքել:
«Անջրպետը, որը նախկինում խոստանում էին վերացնել, այսօր ավելի քան առկա է: Եվ այս անկումային իրավիճակը բոլոր ոլորտներում է», - ասաց Միհրդատ Մադաթյանը: