17/07/2019 22:06
Դռների տակ վնգստում են՝ եկեք մեզ տիրություն արեք.Նիկոլ Փաշինյանը՝ դատավորների մասին
«Սա տիրոջ ստրուկ դատական համակարգ է։ Մի տարվա ընթացքում փոխանակ այդ դատավորները և դատական համակարգը զբաղվեին ինքնամաքրմամբ, ասեին՝ այս ինչ ազատագրում ենք մենք ստացել, ի վերջո, հնարավորություն ունենք արժանապատիվ դատավոր լինել, արժանապատիվ քաղաքացի լինել, այդ մարդիկ տերեր են փնտրում», - «Ազատության»-ը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Գնացել են անկյուններում իրենց հին տերերին են փնտրում։ Դռների տակ վնգստում են՝ եկեք մեզ տիրություն արեք, բա մենք 400 հազար դրամով ո՞նց ապրենք, բա լավ չէ՞ր էն ժամանակ. մեզ փող էիք տալիս, մեզ հաց էիք տալիս, մեզ համար խաշ ու քյաբաբ էիք ուղարկում։ Այդ դատական համակարգը՝ սկսած Սահմանադրական դատարանից մինչև վերջ, անհամատեղելի է նոր Հայաստանի հետ», - ասաց նա:
Ըատ Փաշինյանի, դատական համակարգը պետք է լինի անկախ:
«Բայց մեկ տարի անց պարզվում է, որ դատական համակարգն իրեն ոչ թե անկախ է զգում, այլ անտեր է զգում։ Եվ ման է գալիս՝ որտեղ տեր փնտրի, ով կա, որ կարող է տեր կանգնել դատական համակարգին։ Չեմ բացառում, որ նույնիսկ Հայաստանից դուրս են տեր փնտրում, ասում են՝ եկեք մեզ տեր կանգնեք, մենք անտեր ենք, որովհետև մենք սովորել ենք, որ միշտ պետք է տեր ունենանք և այդ տիրոջ ձեռքին պետք է փայտ լինի, որով մեր գլխին տա։ Եվ երբ նա մեր գլխին չի տալիս մենք մեզ անտեր ենք զգում։ Սա է մեր դատական համակարգը։ Այս դատական համակարգն անհամատեղելի է նոր Հայաստանի հետ», - ասաց նա: