17/07/2019 12:36
Հակառակորդը կրակել է Ելփին գյուղի ուղղությամբ. վնասվել է գյուղացիներից մեկի տան տանիքը
Վերջին օրերին հակառակորդը Նախիջանի ուղղությամբ ակտիվություն է ցուցաբերում։ Այս գիշեր կրակել են Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի ուղղությմաբ։
Aysor.am-ի հետ զրույցում Ելփինի գյուղապետ Խորեն Ավետիսյանն ասաց, որ մի քանի օր է, ինչ հակառակորդը կրակում է գյուղի ուղղությամբ։
«Այս գիշեր էլ կրակոց է եղել, ինչի հետևանքով վնասվել է գյուղացիներից մեկի տանիքը, գյուղի ամենավերևի տունն է», - ասաց նա։
Գյուղապետը նշեց, որ հուլիսի 11-ին էլ է կրակոց եղել, ինչի հետևանքով ցորենի արտ է հրդեհվել։
«Ամենաաշատը կրակել են ամսի 13-ին, կրկին արտ է հրդեհվել, բայց գյուղի երիտասարդների ջանքերով մարվել է հրդեհը», - նշեց նա։
Խորեն Ավետիսյանն ասաց, որ այս պահին գյուղում հանգիստ է, կրակոցները դադարել են։
Հիշեցնենք, որ երեկ հակառակորդը կրակել էր նաև սահմամամերձ Խաչիկ գյուղի ուղղությամբ։
Aysor.am-ի հետ զրույցում սահմանամերձ Խաչիկի համայնքապետ Հովիկ Սմբատյանն ասել էր, որ հակառակորդի կրակոցից հրդեհ է բռնկվել իրենց գյուղի սահմանին։
«Մինչև գիշերը ժամը երկուսը կրակ ենք հանգցրել, գյուղացիների ու հրշեջների օգնությամբ հաջողվեց մարել կրակը, կարելի է ասել՝ մեծ ծավալի վնաս չի եղել», - ասել էր նա։
Լուսանկարը՝ Analitik.am-ի։