17/07/2019 14:13
Դավիթ Գարեջի վանական համալիրի սկանդալի՝ լուրջ բախման վերաճելու հնարավորությունը բավականին փոքր է. Այվազյան
Դավիթ Գարեջի վանական համալիրի պատճառով ծագած ադրբեջանավրացական պոտենցիալ հակամարտությունը տարիների ընթացքում իր թեժությունը պահպանում է, սակայն մեծ բախման վերաճելու հնարավորությունը բավականաչափ փոքր է։ Վրաստանը սերտորեն փոխկապակցված է թուրք-ադրբեջանական տանդեմի հետ, դրա համար էլ չի կարող այս հարցով լուրջ բախման գնալ։ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանն՝ անդրադառնալով երկու օր առաջ վրացիների և ադրբեջանցիների միջև ծագած հերթական սկանդալին, երբ ադրբեջանցի սահմանապահները հեռացրել էին համալիրում գտնվող բոլոր սրբապատկերները և փոխանցել դրանք Վրաստանի սահմանապահ զորքերի զինծառայողներին:
«Իրականության մեջ այս խնդիրը բավականաչափ հին է։ Դավիթ Գարեջի համալիրը ներկայիս Ադրբեջանի կազմում հայտնվել է վարչական սահմանազատման ժամանակ։ Այդ երկիրն, իհարկե, վանական համալիրից չի հրաժարվի։ Դա կարևոր ռազմավարական բարձունք է, որն Ադրբեջանին հնարավորություն է ընձեռում Վրաստանի տարածքում ռազմավարական թիրախներ խոցել։ Երկրորդ ամենամեծ խնդիր այն է, որ Ադրբեջանը Դավիթ Գարեջի վանական համալիրը փորձում է ներկայացնել որպես աղվանական մշակութային ժառանգություն», - նշեց մեր զրուցակիցը։
Գրիգորի Այվազյանի խոսքով՝ Ադրբեջանը տարածաշրջանի բոլոր հարևանների, այդ թվում՝ Վրաստանի հանդեպ տարածքային նկրտումներ ունի։
«Փաստացիորեն, մեր հակառակորդ երկիրը հավակնում է Վրաստանի արևելյան հատվածին։ Եթե Հայաստանի հետ խնդիրը չլիներ, ապա Վրաստանը կլիներ Ադրբեջանի հաջորդ թիրախը։ Փաստացիորեն, և՛ Թուրքիան Վրաստանի արևմուտքի նկատմամբ, և՛ Ադրբեջանը՝ արևելքի նկատմամբ, ունեն տարածքային պահանջներ։ Սակայն Վրաստանը կաշկանդված է պատմական արդարութունը վերականգնելու ուղությամբ կոնկրետ գրծողություններ ձեռնարկելու», - ասաց ադրբեջանագետը։
Հիշեցնենք, որ Վրաստանի և Ադրբեջանի սահմանի գրեթե կեսը դեռ հստակեցված չէ, չնայած այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում 1990-ականներից: Ամիսներ առաջ կողմերը կրկին պայմանավորվել են վիճելի հատվածները վերջնականապես սահմանազատել և սահմանագծել՝ պարբերաբար բռնկվող վեճերին վերջ դնելու համար, սակայն գործընթացն առայժմ տեղից չի շարժվում:
Վրացական կողմը պնդում է, որ 6-րդ դարում կառուցված համալիրն իր պատմական տարածքն է և վրաց ժողովրդի կրոնական ու մշակութային ժառանգության մի մասը: Ադրբեջանցիներն, իրենց հերթին, համալիրն անվանում են Քեշիքչիդաղ՝ այն համարելով կովկասյան ալբանացիներին պատկանող կոթող: