17/07/2019 20:12
«Ջաջուռյան կտավներ» խորագիրը կրող ցուցահանդեսում կներկայացվեն Մինաս Ավետիսյանի որդու 30 աշխատանք. հրատարակվել է հատուկ պատկերագիրք
Հուլիսի 12-ին Երևանի Արամե պատկերասրահի՝ Մաշտոցի պողոտայում գտնվող մասնաճյուղում տեղի ունեցավ նշանավոր գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի որդու՝ նկարիչ և արվեստի տեսաբան Նարեկ Ավետիսյանի «Ջաջուռյան կտավներ» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը: Ցուցադրության են ներկայացված նկարչի հիմնականում վերջին մեկ տարվա ընթացքում ստեղծած աշխատանքները:
Ի դեպ, այս ցուցահանդեսը Նարեկ Ավետիսյանի համար հոբելյանական է. նկարիչն այս տարի դառնում է 50 տարեկան:
«Թվով 30 կտավ եմ ներկայացրել: Նաև, այս աշխատանքներով պատկերագիրք է պատրաստվել, ինչն ինձ համար շատ կարևոր է: Սերգեյ Փարաջանովը տարիներ առաջ իմ մասին փոքրիկ խոսք էր գրել, և այն առաջին անգամ հրապարկվեց հենց այս պատկերագրքում: Այստեղ նաև վրացի արվեստաբան Դավիթ Անդրեաձեի հոդվածն է, որը տեսակով եզակի է, քանի որ դպրոցը հայկականից տարբերվում է: Ավելի շատ փիլիսոփայական, վերլուծական հոդված է: Պատկերագիրքը հրատարակվել է Հայ-ռուսական համալսարանի հովանավորությամբ: Ընդհանրապես, իմ նախագծերից յուրաքանչյուրն իր կատալոգն ունի, քանի որ 30-ից պակաս կտավով ցուցահանդեսներ երբեք չեմ ունենում», - Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Ն. Ավետիսյանը:
Սովորաբար, ճանաչված նկարիչների՝ հատկապես հոբելյանական ցուցահանդեսները պետական աջակցություն են ունենում, ոլորտի գերատեսչությունը կազմակերպում, կամ՝ գոնե նպաստում է կազմակերպելուն: Հարցին՝ արդյոք պետությունն իր ներդրումն ունեցել է «Ջաջուռյան կտավներ»-ի կազմակերպմանը, Ն. Ավետիսյանը պատասխանեց.
«Անկեղծ ասած՝ ես ոչ դիմել եմ, ոչ էլ կանեի նման միամտություն: Գտնում եմ՝ ամեն մարդ իր գործը պետք է անի, ու մենք մերն արեցինք: Նաև երկու հովանավոր ունենք՝ Արսեն Միքայելյանն ու Ալբերտ Հակոբյանը, ովքեր օժանդակեցին իմ այս նախագծին: Այնպես որ, որևէ պետական մասնակցություն չի եղել: Անգամ, բացի «Շողակաթ» հեռուստաընկերությունից, ուրիշ ոչ մի հեռուստաընկերություն չեկավ բացմանը: Դաշտն այնքան կոմերցիալիզացված է, որ թվում է՝ արվեստն իրենց ընդհանրապես չի հետաքրքրում: Բայց մենք՝ ես ու իմ կոլեգաները, աշխատում ենք մեր երկրի, մեր մշակույթի, իրենց համար: Կգնահատեն, թե ոչ, իրենց խնդիրն է, մենք չենք նեղվելու, մենք անում ենք մեր գործը: Չենք նստելու՝ սպասենք, կամ խնդրենք»:
Նկատառմանը՝ ի՞նչ նկատի ունի նախարարությանը չդիմելու հարցում «միամտություն չի արել» ասելով, ընդգծեց.
«Գիտեք, այն, որ մենք բոլորս կողմ ու մասնակից էինք այս հրաշալի հեղափոխական փոփոխություններին, փաստ է, անձամբ ես առ այսօր էլ կողմ եմ ու պաշտպան եմ հեղափոխությանը, կրողն եմ այդ գաղափարի, բայց Մշակույթի նախարարության ներկայիս աշխատելաոճը ինձ համար խիստ անհասկանալի է: Դրա համար աբսուրդ կլիներ, եթե գնայի, ինչ-որ հարցով դիմեի, ինձ չճանաչեին, բաժնից բաժին ուղարկեին ու ստիպված լինեի բացատրել՝ ո՞վ եմ ես ու ի՞նչ եմ ուզում: Արդեն ժամանակն է, որ իրենք մի քիչ լրջանան, սկսեն հասկանալ՝ ո՞վ ի՞նչ վաստակ ունի: Ինչ-որ մի ռաբիս կարող է ընդհանրապես չունի, բայց շարունակում են ծափահարել: Ես չեմ սիրում քննադատել, ու սա քննադատություն չէ, այլ փաստն եմ ներկայացնում: Եվ վատի մասին է պետք ասել, և՛ լավի»:
Նշենք, որ «Ջաջուռյան կտավներ» խորագիրը կրող ցուցահանդեսը բաց կլինի մինչև օգոստոսի 1-ը: