18/07/2019 00:58
Իջևանի ճանապարհը դեռ փակ է, բանակցությունները շարունակվում են. Ահարոնյան
Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Իջևանի հատվածը դեռ փակ է, բանակցությունները շարունակվում են, Aysor.am-ին ասաց ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
«Դուրս է բերվել մի քանի մեքենա։ Ճանապարհը դեռ փակ է։ Բանակցությունները շարունակվում են», - ասաց Ահարոնյանը։
Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը և ոստիկանության ղեկավար անձնակազմը բանակցություններ են վարում Իջևանում ճանապարհը փակած քաղաքացիների հետ։
Նա նշել էր նաև, որ ավելի վաղ փակ ճանապարհը՝ ոստիկանների կողմից բացելու փորձին ի պատասխան վերջիններիս նկատմամբ բռնություն է կիրառվել ցուցարարների կողմից։
Ավելի վաղ Aysor.am-ը հայտնել էր, որ տուժել է շուրջ 25 ոստիկան։
Ահարոնյանը նշեց, որ տուժածներից 11 ոստիկան է դիմել հիվանդանոց բժշկական օգնության համար, մնացածի վնասվածքները աննշան են։