18/07/2019 11:39
Իջևանում քաղաքացիները ոստիկաններին հարվածել են քարերով, փայտե ու երկաթյա մահակներով, հարվածները եղել են միակողմանի. Ոստիկանապետ
Այսօր Իջևանում ոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողների հետ ճեպազրույցում մանրամասներ է ներկայացրել երեկ Իջևանում տեղի ունեցած բախումներից։ Նրա ներկայացմամբ, մի խումբ քաղաքացիներ երեկ օրվա տարբեր ժամերին մի քանի անգամ Իջևանում փակել են ճանապարհներ, որոնք ոստիկանության ծառայողների կողմից բացատրական աշխատանքների արդյունքում բացել են։ Բայց իրավիճակն այլ է եղել արդեն երեկոյան։
«Երեկոյան քաղաքացիների թիվը հասել էր 500-600-ի, որոնք բոլորն էլ հրաժարվել են կատարել ոստիկանության ծառայողների օրինական պահանջները, կտրականապես հրաժարվել են բացել Երևան-Իջևան-Նոյեմբերյան ճանապարհը։ Իմ կողմից որոշում կայացվեց օրենքի սահմաններում հայտարարելուց հետո շղթա կազմել, քայլել առաջ, բացատրել, պարտադրել, որ բացեն ճանապարհը։
Սակայն ոստիկանները հանդիպել են դիմադրության. Քաղաքացիները նրանց հարվածներ են հասցրել մահակներով, մետաղյա ձողերով, քարերով, ինչի հետևանքով ոստիկանության 12 ծառայող տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Հետո իմ կողմից որոշում կայացվեց լրացուցիչ ուժեր ուղարկել Իջևան և ինքս անմիջապես շտապեցի գտնվել այստեղ։
Իրավիճակի մասին անմիջապես զեկուցել եմ վարչապետին ու շտապել Իջևան։ Ինձ դիմավորել է շուրջ 30 քաղաքացի, որոնց հետ բանակցել եմ մոտ կես ժամ։
Նրանց բացատրել եմ անօրինական գործողությունների հետևանքները, նրանք պահանջում էին որ մենք վերացնենք Տավուշի մարզում տեղադրված անշարժ պահակետերը, որոնք վերահսկում են Իջևանից, Տավուշից ապօրինի ծառահատումները ու հատված ծառերի տեղափոխումը Երևան կամ այլ մարզեր։
Ինձ հետ խոսում էին պայմանով՝ պահանջում էին հանել այդ պահակակետերը, չկազմել որևէ արձանագրություն։ Բայց ես բացատրեցի, որ ոչ միայն չեն հանվելու պահակակետերը, այլ նաև միջադեպի կապակցությամբ հարուցվելու է քրեական գործ ու պատասխանատուները պատժվելու են։
Մենք թույլ չենք տալու, որ նման տոնով խոսեն ոստիկանության հետ, պետության ներկայացուցչի հետ, իրենք թելադրեն հետագա քայլերը։
Մենք, անկախ ամեն ինչից, բոլորի ոստիկանն ենք ու կանգնած ենք բոլորի կողքին, բայց կան մարդիկ, որոնք այդ հանդուրժողականությունը փորձել են դիտել թուլություն։ Այո, ոստիկանությունը կիրառել, կիրառելու է ուժ, ինչը նախատեսված է Հայաստանի օրենսդրությամբ», - ներկայացրել է ոստիկանապետը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Իջևանում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության և պետության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով։