18/07/2019 19:41
Ի՞նչ ձեռքբերումներ ունեցավ 16-րդ «Ոսկե ծիրանն» ու ի՞նչ ծրագրեր իրականացրեց
Ամփոփվեց 16-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը։ Այն հագեցած էր բազում ինքնատիպ իրադարձություններով՝ մրցութային և արտամրցութային ֆիլմեր, երևանյան պրեմիերաներ, կրթական ծրագրեր, վարպետության դասեր, քննարկումներ, հանդիպումներ, այլ իրադարձություններ:
Փառատոնն այս տարի ստացել էր ավելի քան 740 ֆիլմ՝ աշխարհի տարբեր երկրներից: «Երևանյան պրեմիերաներ» արտամրցութային ծրագրի շրջանակներում հնարավոր եղավ դիտել միջազգային փառատոնների (Կանն, Բեռլին, Ռոտերդամ) ֆավորիտ ֆիլմերը։ Այս տարի վավերագրական և խաղարկային ֆիլմերը մրցեցին նույն անվանակարգում, որպեսզի վավերագրականը լուսանցքում չմնա:
16-րդ «Ոսկե ծիրան»-ի բացման պաշտոնական արարողությունն անցկացվեց Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում, փակումը տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնում:
16 տարվա ընթացքում առաջին անգամ փոխվել էր փառատոնի տարբերանշանը: «Ծ» տառը խորհրդանշող գրաֆիկական նոր տարբերանշանի, ինչպես նաև փառատոնը ներկայացնող պաստառների հեղինակը դիզայներ Վիլյամ Կարապետյանն է։
Փառատոնի շրջանակներում գործարկվեց Talent Lab ծրագիրը, որի նպատակը կրթական և արտադրական գործառույթ իրականացնելն էր: Talent Lab-ը բաղկացած էր չորս աշխատարանից, որոնք նախատեսված են դերասանների, պրոդյուսեր/ռեժիսորների, նկարիչների, կինոքննադատների համար: Talent Lab-ի շրջանակում վարպետության դասընթացները վարեցին ոլորտի առաջատարներն՝ աշխարհի տարբեր երկրներից:
Այս տարի GAIFF Pro կինոյի զարգացման հարթակը սկսել էր իր աշխատանքները հուլիսի 8-ին: Արդեն երկրորդ անգամ Երևանում անցկացվեց C2C տարածաշրջանային շուկան, որը նախագծեր էր ընդունել Փոքր Կովկաս տարածաշրջանից` Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Ադրբեջանից և Իրանից: Հայտերի ընդունման երկու ամիսների ընթացքում հարթակը ստացել է 40 կինոնախագիծ և 21 աշխատանքային փուլում գտնվող ֆիլմեր, որոնցից ընտրվել են 21-ը: Միջազգային ընտրական կոմիտեում ընդգրկված ներկայացված են եղել կինոգործիչներ Գերմանիայից, Ֆրանսիային, ԱՄՆ-ից: Նախագծերը չորս երկրներից են` Հայաստան, Թուրքիա, Վրաստան և Իրան:
«Բարձրաշխարհիկ կյանք» ֆիլմով տրվեց «Ծուռ ծիրան» էքսպերիմենտալ ծրագրի մեկնարկը («Ծուռ ծիրան» ծրագիրն անցկացվում է առաջին ագնամ, համադրողը Վիգեն Գալստյանն է):
Փառատոնային տպավորիչ իրադարձություններից մեկը «Կինոյի տաճար» ինստալյացիան էր, որի անցկացման համար բացվել էին «Այրարատ» (Ռոսիա) կինոթատրոնի դռները։ «Կինոյի տաճար»-ն իրականացվում էր Ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի ծննդյան 95-ամյակին։ Կինոթատրոնի մեծ նախասրահում ներկայացված է ինստալյացիա՝ «Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոտնաժից դուրս մնացած, վերկանգնված կադրերով։
Հայ առաքելական եկեղեցու կողմից սահմանվան «Եղիցի լույս» մրցանակը հանձնվեց այս տարվա լիամետրաժ ֆիլմերի ժյուրիի նախագահ, կինոռեժիսոր և սցենարիստ Ալեքսանդր Մինդաձեին («Եղիցի լույս» մրցանակը տրվում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում 2012 թվականից)։
Փառատոնի նշանավոր իրադարձություններից մեկը փառատոնի պատվավոր հյուր, մեքսիկացի ռեժիսոր Կառլոս Ռեյգադասի և ծագումով հայ, մոլդովացի, մոսկվայաբնակ ռեժիսոր Արթուր Արիստակեսյանի հանդիպումն էր։ Ռեյգադասը հետաքրքրված է Արիստակեսյանի գործունեությամբ, և այս իմաստով փառատոնը հանդիպման առիթ դարձավ:
Փառատոնային այս տարվա ամենամեծ ձեռքբերումը բացօթյա ցուցադրություններն էին, որոնցից 3-ը անցկացվեցին «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճում, մեկը՝ Ազգային ժողովի բակում: Սպասված իրադարձություն էր նաև Կոնդում տեղի ունեցած բացօթյա ցուցադրությունը. ցուցադվեց Հարություն Խաչատրյանի «Կոնդ» ֆիլմը։