19/07/2019 11:24
Բախտներս բերել է՝ դատավորի աշխատասենյակում որևէ աշխատողի անունը Քոչարյան չի եղել, թե չէ նրան էլ կառգրավեին. Փաստաբանը խուզարկության մանրամասներ է ներկայացրել
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը պնդում է, որ դատավորի աշխատասենյակում Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից կատարած խուզարկությունը անօրինական է և պատրաստվում է վիճարկել այդ գործողությունները։
Փաստաբանը հրապարակել է դատավորի աշխատասենյակում կատարված խուզարկության արձանագրությունը, որտեղ նշվում է հետևյալը.
«Դատավոր Դավիթ Գրիգորյանը ցանկություն հայտնեց ներկայանալ և մասնակցել խուզարկությանը։ Նրան հայտնվեց, որ նախատեսված չէ իր մասնակցությունը խուզարկությանը, սակայն նա պնդեց, որ մասնակցի խուզարկությանը։ Դավիթ Գրիգորյանը հայտնեց, որ փաստաբան Գեորգի Մելիքյանը հանդիսանում է իր ներկայացուցիչ, խնդրեց նրան թույլ տալ մասնակցել խուզարկությանը, ինչը վարույթն իրականացնող մարմնի կողմից մերժվեց»։
«Այն, ինչ քննիչն արել է, անօրինականություն է։ Մարդը համաձայնություն է տալիս փաստաբանի հետ միասին մասնակցել քննչական գործողությանը, քննիչը մերժում է։ Ի վերջո, գործը վերաբերում է այդ անձին, որի աշխատասենյակը խուզարկության է ենթարկվում և այդ անձը ձեռք է բերում կասկածյալի կարգավիճակ, հետևաբար նա արդեն պաշտպանության իրավունք ունի, իսկ քննիչը փաստացի զրկել է նրան օգտվել այդ իրավունքից», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գեորգի Մելիքյանը։
Դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն անցկացնել թույլ է տվել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանը։ Բացի այդ, ՀՔԾ-ն խուզարկություն կատարելու համար իրազեկել է Բարձրագույն դատական խորհրդին։
Խուզարկությունը ու դրան հաջորդած որոշ կրիչների առգրավումը կատարվել է դատավորի համար անակնկալ, մինչ այդ, Գրիգորյանը, ըստ փաստաբանի, դրա մասին տեղյակ չի եղել։ Մինչդեռ Մելիքյանի պնդմամբ, ՀՀ դատական օրենսգրքի համաձայն, դատավորը պետք է մեկ օր առաջ տեղյակ լիներ, որ իր աշխատասենյակում խուզարկություն է անցկացվելու։ ՀՔԾ քննիչը, որի գլխավորությամբ խուզարկություն է իրականացվել, հատկապես կարևորագույն գործերով քննիչ Խորեն Մեժլումյանն է։
Ինչ վերաբերում է քրեական գործին, որով դատավոր Դավիթ Գրիգորյանը առայժմ կասկածյալ է, պաշտոնեական կեղծիքի փաստի առթիվ է հարուցվել։ Հաղորդում տված անձը Սերգո Փանոսյանն է, սակայն նախաքննական մարմինը դեռևս այս տարվա փետրվարի 18-ին որոշել է այդ հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժել։ Մերժման որոշումը հաստատվել է նաև գործը հսկող դատախազի կողմից։ Սակայն Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումից հետո, երբ գործն ուղարկվեց Սահմանադրական դատարան, Քոչարյանը ազատվեց կալանքից, իրավապահները որոշել են թարմացնել այն ու դրա հիման վրա էլ խուզարկություն է կատարվել։
Հարցին, թե հնարավո՞ր է նոր հանգամանքներ են ի հայտ եկել, ինչի պատճառով իրավապահները փորձել են թարմացնել քրգործը, փաստաբանն ասաց, որ որևէ նոր հանգամանք չկա ու հավելեց.
«Եկել է մեկ այլ դատախազ ու ասում է, որ նախորդ դատախազը սխալ որոշում է կայացրել։ Քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումից հետո դատախազը յոթօրյա ժամկետը լրանալուց 6 ամսվա ընթացքում իրավունք չուներ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում վերացներ։ 5 ամիս քնել էին, արթնացան ու հիմա ապօրինի հարուցել են քրեական գործ այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանի գործով պարոն Գրիգորյանը կայացրել է հայտնի որոշումը»։
Դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակից քննիչները առգրավել են փաստաթղթեր ու կրիչներ, ավելին, դատավորի աշխատասենյակի դուռը կնիքվել է և թույլ չի տրվել Գրիգորյանին մուտք գործել իր աշխատասենյակ։
«Առգրավել են այն ամենը, ինչը կարող է Քոչարյան հիշեցնել, բախտներս բերել է, որ այնտեղ որևէ աշխատողի անունը Քոչարյան չի եղել, թե չէ նրան էլ կառգրավեին։ Քննիչը սահմանափակել է դատավորին՝ առանց դատավորի որոշման։ Միանշանակ է մի բան՝ քննիչը դուրս է եկել իր լիազորություններից», - նշեց փաստաբանը՝ ընդգծելով, որ քննիչի գործողությունների իրավաչափությունը վիճարկելու են։
Փաստաբանը իրավական խայտառակություն է որակում Հատուկ քննչական ծառայության քննիչի գործողությունները և պնդում է, որ իրավապահները այս գործողություններով «քայլում են ՀՀ Սահմանադրության վրայով»։
«Ակնհայտ է, որ սա թիրախավորված գործ է», - նշեց փաստաբանը։