19/07/2019 11:55
Թեհրանը հերքում է Հորմուզի նեղուցում իրանական անօդաչուի ոչնչացման մասին լուրը
Թեհրանը ոչ մի անօդաչու թռչող սարք չի կորցրել ո՛չ Հորմուզի նեղուցում, ո՛չ էլ որևէ այլ տեղ: Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արագչին՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունները, թե ամերիկացի զինվորականները հինգշաբթի Հորմուզի նեղուցում իրանական անօդաչու են խոցել:
«Մենք ոչ մի անօդաչու չենք կորցրել ո՛չ Հորմուզի նեղուցում, ո՛չ էլ որևէ այլ տեղ,- գրել է Արագչին Twitter-ի իր էջում:- Ես վախենում եմ, որ ԱՄՆ-ի (ռազմածովային ուժերի դեսանտային նավը) Boxer-ը սխալմամբ խոցել է իր անօդաչուն»:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Թրամփը, ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Boxer դեսանտային նավը հինգշաբթի Հորմուզի նեղուցում խոցել է Իրանի անօդաչու, որը, զինվորական հրամանատարության վարկածով՝ շատ է մոտեցել նավին, նաև «սպառնացել է նավի և նրա անձնակազմի անվտանգությանը»: