19/07/2019 16:21
Պենտագոնին անհանգստացնում է ռուսական C-400-ներ գնելու Հնդկաստանի մտադրությունը
ԱՄՆ Հնդկա-խաղաղօվկիանոսյան հրամանատարության ղեկավար, ծովակալ Ֆիլիպ Դևիդսոնը խնդիր է համարել Հնդկաստանի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումը։ Այսպիսի հայտարարությամբ նա հանդես է եկել անվտանգության հարցերի՝ Ասփեն քաղաքում (Կոլորադոյի նահանգ) տեղի ունեցող ամենամյա համաժողովում:
«Հնդկաստանն աշխարհում խոշոր գնորդ է, C-17 ռազմատրանսպորտային ինքնաթիռների խոշոր սեփականատեր», - նշել է Դևիդսոնն՝ ընդգծելով նաև, որ Հնդկաստանն ունի ամերիկյան P-8 Poseidon, C-130 Hercules ինքնաթիռներ, AH-64 Apache ուղղաթիռներ և ռազմատեխնիկայի այլ միավորներ։
«Դա օգնում է մոտեցնել մարտավարական դոկտրինները, և դա կնպաստի մեր հարաբերությունների զարգացմանը», - ասել է նա՝ պատասխանելով Վաշինգտոնի և Նյու Դելիի ռազմավարական գործընկերության զարգացման մասին հարցին։
«Անշուշտ, կա C-400-ների գնման հարցը։ Դա որոշակի խնդիր է առաջացնում, մենք շարունակում ենք երկխոսություն վարել այս առնչությամբ, բայց նրանք մտադիր են անել դա»,- ասել է Ֆիլիպ Դևիդսոնը։
ԱՄՆ Հնդկա-խաղաղօվկիանոսյան հրամանատարության ղեկավարի խոսքով՝ ռուսական ԶՀՀ-ների գնումը շահավետ չէ Հնդկաստանի համար, որովհետև ամերիկյան համակարգը «շատ ավելի լավ է դրսևորվում իրեն համատեղելիության և փոխարինելիության համատեքստում»։
Նյու Դելին C-400 ԶՀՀ-ներ գնելու մտադրության մասին հայտարարել է դեռ 2015թ.-ին։
C-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերի մատակարարման պայմանագիրը՝ 5,43 մլրդ դոլար արժողությամբ, ստորագրվել է 2018թ.-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հնդկաստան կատարած այցի ժամանակ։
Դա առաջացրել է Վաշինգտոնի դժգոհությունը, որը սպառնում է պատժամիջոցներ կիրառել այն պետությունների դեմ, որոնք Ռուսաստանից գնում են զենք և ռազմատեխնիկա։
Այնուամենայնիվ, Հնդկաստանը հայտարարում է, որ մտադիր չէ հրաժարվել ռուսական ԶՀՀ-ներից։