22/07/2019 15:34
Եվրամիության կողմից ֆինանսավորման աճը պահպանելու համար լուրջ աշխատանք է պահանջվելու. Աննա Կարապետյան
Եվրամիության ֆինանսավորման աճի դրական դինամիկան պահպանելու համար լուրջ ջանքեր են անհրաժեշտ լինելու, Aysor.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը՝ անդրադառնալով այսօր Երևանում տեղի ունեցած ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտոր Սվիտալսկիի ամփոփիչ ասուլիսին:
«Ուրախալի է, որ Եվրամիությունը մեծացնում է Հայաստանի ֆինանսավորումը: Դա ցույց է տալիս, որ Բրյուսելում բարձր են գնահատում լուրջ բարեփոխումներ կատարելու Հայաստանի իշխանությունների մտադրությունը և պատրաստ են աջակցել: Ինչպես իր ասուլիսի ժամանակ նշեց դեսպան Սվիտալսկին, այս թվերը մեծամասամբ 2018-ի դեկտեմբերի լավ անցկացված ընտրությունների գնահատականն է:
Սակայն, այս դրական դինամիկան պահպանելու համար անհրաժեշտ է լինելու լուրջ ջանքեր գործադրել և իսկապես եվրոպական չափորոշիչներին համապատասխանող բարեփոխումներ իրականացնել, արդյունք ցույց տալ: Հակառակ դեպքում, այդ թվերը նույն արագությամբ կնվազեն», - ասել է նա:
Փորձագետը կարևորել է այն գիտակցումը, որ այս ֆինանսավորման աճը, ոչ թե պարզապես 2018-ի քաղաքական փոփոխությունների համար է, այլ հստակ ծրագրերի, առանձին ոլորտներում նախաձեռնվող բարեփոխումների:
«Եվրամիությունը կարևորում է կառուպցիայի դեմ պայքարելու հայտարարվող քաղաքական կամքը, արդարադատության ոլորտում խորքային բարեփոխումներ իրականացնելու մտադրությունը, նաև պատրաստակամ է ֆինանսավորում հայթայթել ոլորտային առաջնահերթ ծրագրերի իրականացման համար: Սակայն այս փուլում ֆինանսավորումն այդ հայտարարված գաղափարների, մտադրությունների համար է: Բարեփոխումների որակը և արդյունավետությունը միայն կարող է հետագայում երաշխավորել ֆինանսական հոսքերի շարունակականությունը»,- նշում է Կարապետյանը: Նրա կարծիքով, գործընթացը ցույց տվեց, որ Հայաստանի իշխանությունները գիտակցել և շտկել են իրենց մոտեցումների սխալը, և սկսել են ԵՄ-ի հետ հստակ ծրագրերով շփվել:
Փորձագետն ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ ԵՄ-ն պատրաստ է ֆինանսական լուրջ աջակցություն տալ դատաիրավական ոլորտի բարեփոխումների համար, բայց չի նշվում հստակ անցումային արդարադատությունը կամ վեթինգը:
«Դեսպանը նշեց, որ ԵՄ-ն պատրաստ է փորձագետներ տրամադրել, որ օգնեն ուսումնասիրել եվրոպական փորձն ու սեփական կոնցեպտը մշակել: Այսինքն, այս պահին հստակ ընտրված գործիքակազմին աջակցության մասին խոսել չի կարելի, և սա չի կարող ներկայացվել որպես աջակցություն Հայաստանի իշխանությունների հռչակած անցումային արդարադատությանը, կամ այլ գործիքի», - ընդգծում է նա:
Կարապետյանը մտահոգիչ է համարում նաև վիզաների ազատականացման գործընթացի ներկայիս դրությունը:
«Սվիտալսկին կրկին խոսեց այն մասին, որ Հայաստանի իշխանությունները պետք է ջանքեր գործադրեն, այնինչ ասվում էր, որ հայկական կողմն իր անելիքն ավարտել է: Ավելին, նա հայտարարեց, որ Հայաստանի իշխանություններն աշխատում են Վրաստանի հետ՝ դասեր քաղելու նրանց փորձից: Դա բացասական միտում է, և նշանակում է, որ մենք համակերպվում ենք մեզ վրա այլ երկրների բացասական փորձը պռոյեկտելու մոտեցման հետ: Եթե նույնիսկ հայկական կողմը դրան համաձայնել է գործընթացն արագացնելու համար, քաղաքական առումով դա խնդրահարույց մոտեցում է», - եզրափակել է Աննա Կարապետյանը: