22/07/2019 18:14
«Волна любви». Աննա Մարտիի և Վլադիմիր Պրեսնյակովի նոր երգի տեսահոլովակը նկարահանվել է Երևանում (Տեսանյութ)
Երգչուհի Աննա Մարտին երգում է դեռ մանկուց, սակայն պրոֆեսիոնալ գործունեությամբ սկսել է զբաղվել 14 տարեկանից: Երգչուհին երկրպագուների դատին է հանձնել իր նոր՝ «Волна любви» տեսահոլովակը, որն, ի դեպ, նկարահանվել է Երևանում:
Աննա Մարտին ունի դեբյուտային մեկ ալբոմ, որը ձայնագրել է տասը տարի առաջ: Դրանում ներառված երգերի մեծ մասի հեղինակը Պրեսնյակովն է: Ի դեպ` 10 տարի առաջ նրա հետ երգչուհին թողարկել է նաև իր առաջին սոլո ձայնասկավառակը:
Այդ ալբոմից հետո երգչուհին ունեցել է 20-ից ավելի երգեր.
«Ես բախտ եմ ունեցել ձայնագրվելու աշխարհահռչակ երաժիշտներից մեկի` ջազ փողահար Ռենդի Բրեկերի ու Վլադիմիր Պրեսնյակովի հետ նույն նախագծում, որտեղ ձայնագրել ենք գործիքային ստեղծագործություն, իսկ ես ձայնակցել եմ» , - նշում է նա:
Արդեն 2016 թվականին երգչուհին որոշում է իր երաժշտական կարիերան շարունակել Հայաստանում` հայկական շոու-բիզնեսում.
«Ծնվել են այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են «Սիրո հեղեղ», «Նահանջում եմ», «Забываю»: Ես կարծում եմ ,որ ստացել եմ շատ լավ արդյունքներ ու արձագանք: Ամեն աշխատանք էլ ունի իր խորհրդանշական ենթատեքստը, որը ստացել ենք ռեժիսոր Արեն Բայադյանի հետ համատեղ: Ինչ վերաբերում է երգերի բառերին և երաժշտությանը, այստեղ նույն պրոֆեսիոնալ մոտեցումը ցուցաբերել է Վահրամ Պետրոսյանը, ում նույնպես ես շատ շնորհակալ եմ»:
Աննա Մարտին այսօր ներկայացնում է իր նոր` ռուսերենով երգը, որը կոչվում է «Սիրո ալիք».
«Երգս սեր անունով պայծառ ու լուսավոր զգացմունքի մասին է: Թե՛ երգը, թե՛ տեսահոլովակը շատ թեթև և դրական ուղերձ ունեն իրենց մեջ: Քանի որ Վլադիմիր Պրեսնյակովի հետ մենք ընտանիքներով վաղուց ընկերական հարաբերություններ ենք ունեցել, նա էլ շատ ջերմ է տրամադրված Հայաստանի և հայերի նկատմամբ, ուզում էր հայկական մոտիվներով մի գեղեցիկ երգ ստեղծագործել: Պրեսնյակովը գրեց երաժշտությունը, իսկ Արման Ներսիսյանն ընդամենը մի քանի օրվա մեջ գրեց երգի թե՛ հայերեն, թե՛ ռուսերեն բառերը», - ընդգծում է երգչուհին:
Խոսելով նկարահանման ընթացքի և առաջացած բարդությունների մասին` երգչուհին նշեց, որ բավականին անսովոր էր իր համար նկարահանվել ոչ թե նկարահանման ստուդիայում, այլ դրսում, մեր գեղեցիկ քաղաքի տարբեր հատվածներում.
«Դա և՛ հետաքրքիր էր, և՛, իհարկե, դժվար. նկարահանման ընթացքում բոլոր անցորդները հետևում էին մեր աշխատանքին»:
Երգչուհին ի սկզբանե իր տեսահոլովակով ցանկացել է դիտողին փոխանցել ուրախ ու դրական տրամադրություն, ցույց տալ Երևանի գեղեցկությունն, այլ ոչ թե ծանրաբեռնել սյուժետային գծերով:
Աննա Մարտին ուրախությամբ նշեց, որ արդեն իսկ կան դրական արձագանքներ.
«Յուրաքանչյուր արտիստի համար շատ կարևոր է, որ կատարած աշխատանքը մարդկանց պարգևի ուրախություն, դրական էմոցիա, լավ էներգիա: Եթե այդ ամենը ստացվի, կարելի է ասել, որ աշխատանքը հաջողված է»:
Զրույցի վերջում երգչուհին իր մեծ շնորհակալությունն ու երախտագիտությունը հայտնեց երկրպագուներին.
«Անչափ շնորհակալ եմ, որ գնահատում են աշխատանքս, դա չափազանց կարևոր է ինձ համար և ստեղծագործելու նոր ուժ է տալիս: Նշեմ նաև, որ իմ թիմը հանգիստ չի նստում և արդեն աշխատում է նոր ստեղծագործության վրա», - եզրափակեց նա: