23/07/2019 19:09
Համացանցում հայտնվել է ամենակարճ IQ-թեստը
ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) պրոֆեսոր Շթեյն Ֆրեդերիկը մշակել է ամենակարճ IQ-թեստը՝ կազմված ընդամենը երեք հարցից, հայտնում է «Mirror» պարբերականը։
Թեստը մշակվել է դեռ 2005 թվականին՝ որպես կոգնիտիվ կարողությունների թեստ, բայց համացանցում հրապարակվել է այժմ։
Նոր թեստում տեղ են գտել հետևյալ հարցերը.
1. Թենիսի ռակետն ու գնդակը միասին արժեն 1,10 դոլար։ Ռակետը գնդակից թանկ է մեկ դոլարով։ Ի՞նչ արժե գնդակը։
2. Տեքստիլ ֆաբրիկայի հինգ մեքենաները մեկ րոպեում արտադրում են հինգ իր։ Քանի՞ րոպեում 100 մեքենան կարտադրի 100 իր։
3. Լճում աճում են ջրաշուշաններ։ Ամեն օր դրանց քանակն ավելանում է երկու անգամ։ Հայտնի է, որ ջրաշուշաններն ամբողջությամբ կփակեն լճի մակերեսը 48 օրում։ Քանի՞ օր է անհրաժեշտ, որպեսզի ջրաշուշանները ծածկեն լճի կեսը։
Գիտնականը նաև փորձ է անցկացրել տարբեր ոլորտների և կրթության տարբեր մակարդակ ունեցող երեք հազար մարդու շրջանում, որի արդյունքում ճիշտ պատասխաններ կարողացել է տալ միայն մասնակիցների 17 տոկոսը։
Պրոֆեսորը նշում է, որ թեստը միայն առաջին հայացքից է հեշտ թվում, այն հեշտ է հասկանալ, եթե բացատրես, բայց ճիշտ լուծման համար գլխավորն առաջին պահին գլխումդ ծագած պատասխանից հրաժարվելն է։
Թեստի առավել տարածված պատասխաններն են 10 սենթը, 100 րոպեն և 24 օրը, բայց դրանք ճիշտ չեն։ Իրականում ճիշտ պատասխաններն են հինգ սենթը, հինգ րոպեն և 47 օրը։