23/07/2019 11:57
Այս տարվա 7 ամսվա ընթացքում Հայաստան է ներմուծվել շուրջ 70 հազար մեքենա այն դեպքում, երբ 2018-ին ներմուծումների թիվը կազմել է 67 հազար
2019 թվականի յոթ ամիսների ընթացքում Հայաստան ներկրված մեքենաների թիվը հասնում է 70 հազարի, մինչդեռ 2018 թվականի ընթացքում ընդհանուր առմամբ հայաստան է ներկրվել 67 հազար մեքենա, նման վիճակագրություն է ներկայացրել Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշան Ներսիսյանը։
«Այս մեծաքանակ ներմուծումները պայմանավորված են 2020թ-ից ԵՏՄ միասնական մաքսային դրույքաչափին անցում կատարելու հանգամանքով», -նշել է Ներսիսյանը ու իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում ներկայացրել այդ ոլորտում կատարված աշխատանքներն ու սպասվող փոփոխությունները.
«Կատարված աշխատանքներ
Կանխատեսելով ներմուծման աճը՝ 2019թ հունվար ամսից սկսած Նորագավիթում տեղակայված բաժինների համար սահմանեցինք 6օրյա աշխատանքային շաբաթ, ինչպես նաև ավելացրեցինք 5 ձևակերպող տեսուչ: Սրան զուգահեռ սկսեցինք նաև բավականին ակտիվ ավտոմեքենաներ ձևակերպել հանրապետության բոլոր մաքսատներում, ինչպես նաև ավտոմեքնաների բեռնաթափում իրականացնել մաքսային պահեստներում: Այսօրվա դրությամբ օրական մոտ 700 ավտոմեքենա է ձևակերպվում ՀՀ-ում, որից մոտ 500ը Նորագավիթում:
Սպասվող փոփոխություններ
-Օգոստոսի 1ից Նորագավիթի բաժիններում աշխատելու են 7օրյա գրաֆիկով և այս նպատակով ավելացվելու է ևս 6 աշխատակից
-մաքսային պահեստներում բեռնաթափման աշխատանքներ իրականացվելու են նաև շաբաթ-կիրակի օրերին
-«Մետեքսիմ» մաքսային պահեստը կահավորվել է և շատ կարճ ժամկետներում ավտոմեքենաներ կձևակերպվեն նաև հենց այս պահեստում
Ուզում եմ նշել, որ այս ամենին համալիր լուծում տալու նպատակով շատ կարևոր է վարչապետի՝ ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու հանձնարարականը, որտեղ կապահովվեն բոլոր անհրաժեշտ պայմանները և կստեղծվեն համապատասխան ենթակառուցվածքներ ավտոմեքենան արագ և հեշտ մաքսազերծելու և հաշվառելու համար: Հանձնարարականի առնչությամբ լայնածավալ աշխատանքներն արդեն մեկնարկել են և, ինչպես վարչապետը հայտարարեց, ավտոմաքսատունը մինչև տարեվերջ արդեն տեղափոխված կլինի Գյումրի»: