23/07/2019 13:44
Փողոցային ակցիաները խնդիր չեն լուծի. Վահրամ Աթանեսյանը՝ Արցախում հնարավոր զարգացումների մասին
Արցախում տիրող ներքաղաքական գործընթացների վերաբերյալ Aysor.am-ը զրուցել է Արցախի խորհրդարանաի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի հետ
- Արցախում ակտիվ ներքաղաքական զարգացումների շրջան է: Նորմա՞լ եք համարում քաղաքական ուժերի կողմից նման ակտիվությունը, թե՞ զսպվածություն դրսևորելու անհրաժեշտություն, այնուամենայնիվ, կա:
- Երբ անցյալ տարի Բակո Սահակյանը հայտարարեց, որ չի մասնակցելու նախագահական ընտրություններին, քաղաքական ուժերի համար ինքնադրսևորման հնարավորություն բացվեց: Մինչ այդ նրանք կաշկանդված էին գործող իշխանությանը միասնաբար սատարելու հանձնառությամբ, որ ստանձնել էին դեռևս 2007թ.-ին: Բայց մի բան է ցանկությունը, այլ՝ հնարավորությունը: Իրական քաղաքական ռեժիմում այսօր նախագահի պաշտոնի հավակնորդ մեկ քաղաքական ուժ կա՝ «Ազատ հայրենիք» կուսակցությունը: Մյուսներն առանձին-առանձին չեն կարող այլընտրանք ստեղծել, ուստի հայտարարում են վաղաժամ գործընթացների անցանկալիության մասին: Արտառոց ոչինչ տեղի չի ունենում: Աշխարհում ընդունված է քաղաքական նպատակների մասին հայտարարել ընտրություններից շատ առաջ: Օրինակ՝ ԱՄՆ-ում: Մենք պետք է քաղաքական այդ նոր մշակույթի կրողը դառնանք:
- Նախագահի հնարավոր թեկնածունների անուններ հիմա շրջանառվում են: Ըստ քաղաքական ուժերի հայտարարությունների՝ վերջնական անունները հայտնի կլինեն աշնանը: Թեկնածուներից որևէ մեկի շուրջ հնարավո՞ր եք համարում լայն կոնսոլիդացիա:
- Ոչ, մեզ համար դա անցած փուլ է: 12 տարի չորս կուսակցություն հանդիսացել է նախագահ Բակո Սահակյանի քաղաքական հենարանը: Նախագահն ինքը որևէ կուսակցություն չի ներկայացնում: Նման կոնսոլիդացիան արդարացված էր: Հաջորդ նախագահը կլինի կուսակցական: Այս իրավիճակում դժվար է համատեղել ծրագրեր, մոտեցումներ: Ի վերջո, կա քաղաքական կշռի խնդիր: Առաջատար ուժն ինչո՞ւ պիտի իր ռեսուրսը կիսի մեկ այլ կուսակցության հետ, որի վարկանիշը 5 տոկոս է կամ դրանից էլ ցածր:
- Այս օրերին հաճախ խոսվում է ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և իր գրասենյակի նախաձեռնած ստորագրահավաքի վերաբերյալ: Սահմանադրական նման փոփոխությունների վերաբերյալ Հայաստանի և Արցախի տարբեր շրջանակների արձագանքները բացասական են: Բաբայանն էլ իր հերթին չի թաքցնում փողոցային ակցիաների միջոցով իր նպատակին հասնելու ձգտումը և հայտարարել էր անհրաժեշտության դեպքում տասնյակ հազարավոր մարդկանց փողոց հանելու մասին: Արցախում հանրությունը պատրա՞ստ է նման սցենարի: Ձեր կարծիքով փողոցային ակցիաների միջոցով հարցի լուծումն իրատեսակա՞ն տարբերակ է:
- Փողոցային ակցիաները խնդիր չեն լուծի: Բայց մյուս կողմից էլ չի կարելի անտեսել, որ հասարակության մի հատվածի համար ՊԲ նախկին հրամանատարը նախընտրելի է: Պետք է գտնվեն քաղաքական լուծումներ, որովհետև իրավական կարգավորումը տանում է փակուղի: Եթե Գերագույն դատարանը սահմանադրական փոփոխությունները ճանաչի սահմանադրությանը հակասող, ի՞նչ է հետևելու դրան՝ այս հեռանկարն է անհանգստացնող: Դիմակայությունից խուսափելու համար, թվում է, Ազգային ժողովը պարտավոր է ստեղծել քննարկումների հարթակ՝ ներգրավելով նաև արտախորհրդարանական ուժերին, հասարակական կազմակերպություններին, որպեսզի հնարավոր լինի հանգել փոխընդունելի հայտարարի: Եթե 15-16 000 քաղաքացի Սամվել Բաբայանին տեսնում է նախագահի թեկնածու, ապա այստեղ այնպիսի հանգուցալուծում պիտի գտնվի, որ կտանի իրավիճակի լիցքաթափման:
- Ըստ որոշ տեղեկությունների՝ Սամվել Բաբայանի անունը կապվում է արտաքին ուժերի ինչ-ինչ շրջանակների հետ և խոսվում, որ Բաբայանի միջոցով փորձ է արվում Արցախում անկայունություններ հրահրել: Հնարավո՞ր եք համարում նման բան:
- Արտաքին ինչ շրջանակների հետ է կապված ՊԲ նախկին հրամանատարը՝ պետք է մտահոգիչ լինի, իհարկե: Փաստն այն է, որ մեր հանրության մի հատվածը նրա հետ հույսեր է կապում: Այս իրողությունն անտեսել, նշանակում է գնալ սրացման: Կարծում եմ, քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր է սահմանադրական այնպիսի կարգավորման հասնել, որը Սամվել Բաբայանին թույլ կտա առաջադրվել նախագահի թեկնածու: Իսկ մնացածն իր քվեարկությամբ թող ժողովուրդը որոշի:
- Հայաստանյան իշխանություններից ինչպիսի՞ դերակատարություն եք ակնկալում Արցախում սպասվող ներքաղաքական զարգացումներում:
- Հայաստանի իշխանությունները չպետք է միջամտեն Արցախի ներքաղաքական կյանքին և պետք է պատրաստ լինեն համագործակցելու այն իշխանության հետ, որը կձևավորվի արցախահայության ազատ կամքի արտահայտությամբ: