23/07/2019 16:18
Ավստրալացի վարորդը խոցել է ոստիկանական մեքենան՝ 270 կիլոգրամ թմրանյութով լցված մեքենայով
Մեքենան անզգույշ վարելու պատճառով երիտասարդ ավստրալացին ձերբակալվել է և մեղադրվում է արգելված թմրանյութեր տարածելու համար։ Ինչպես տեղեկացրել է «Reuters»-ը՝ երկուշաբթի առավոտյան ֆուրգոնի վարորդը, որի մեջ թմրանյութերի մեծ քանակություն կար, մեծ արագությամբ բախվել է ոստիկանության պարեկային մեքենային, որը կայանել էր ոստիկանական տեղամասի մոտ՝ Սիդնեյի արվարձանում, Իսթվուդ շրջանում:
Վարորդին հաջողվել է փախչել հանցագործության վայրից, բայց արդեն մեկ ժամ անց նա կալանավորվել է։ Ֆուրգոնի խուզարկության ժամանակ ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 270 կգ մեթամֆետամին՝ թաքցված մեքենայի թափքում։ Ավստրալական ոստիկանության գնահատականներով՝ տեղի սև շուկայում այդ խմբաքանակի արժեքը կարող է կազմել 140 մլն դոլար։
Ձերբակալված 28-ամյա սիդնեյցուն ներկայացվել է մեղադրանք թմրանյութերի ապօրինի տարածման և մեքենան անզգույշ վարելու համար։ Առաջին դատավարությունն այս գործով նշանակված է առաջիկա օրերին։