23/07/2019 17:55
Այս ամենի առանցքում քաղաքական ենթատեքստ պետք չի փնտրել. Հրաչյա Պապինյանը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից ազատվելու մասին
Ալավերդու քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավար Հրաչյա Պապինյանի՝ աշխատանքից ազատման մասին գրառումը միանգամից աշխուժություն մտցրեց հետաքրքրասեր հանրության շրջանում: Հասարակության ինտրիգասեր հատվածն էլ այս ազատմանը միանգամից քաղաքական երանգ տվեց:
Aysor.am-ի հետ զրույցում թատրոնի՝ արդեն նախկին գեղարվեստական ղեկավարը հիշեցրեց՝ Ալավերդու թատրոնը պետական թատրոն չի, համայնքային է: Մշակույթի նախարարության հետ որևէ առնչություն չունի:
Մեկտեղ վստահեցրեց՝ այս ամենի առանցքում քաղաքական ենթատեքստ պետք չի փնտրել, նաև՝ անձնական խնդիրներ չկան: Ազատումը կապ չունի ո՛չ իր քաղաքական հայացքների, ո՛չ էլ, առավելևս, ֆեյսբուքյան գրառումների հետ: Այստեղ զուտ թատրոնի աշխատաժամի հետ կապված տարրակարծություններ են:
«Համայնքապետարանը յուրաքանչյուր տարի 8 ամսով պայմանագիր է կնքում, վճարում, տարվա մնացած 4 ամիսն էլ՝ ուղարկում տուն: Ուղղակի տեղական իշխանության հետ ստեղծագործական թիմի աշխատաժամերի վերաբերյալ տարբեր կարծիքներ ունեինք, ինչն էլ նման որոշման պատճառ դարձավ. իրենք գտնում են, որ ստեղծագործական խումբը առավոտից մինչև երեկո պետք է գա թատրոնում նստի, ես էլ գտնում եմ, որ նման բան չի կարող լինել, որովհետև աշխատանքային օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ կետը սահմանում է ստեղծագործական, հուզական և այլ ծանրաբեռնվածություն ունեցող կոլեկտիվներում աշխատաժամանակը: Այս տարրակարծությունը նոր չի ձևավորվել, նույն խնդիրը եղել է նա նախորդ իշխանությունների ժամանակ: Պարբերաբար քննարկել ենք: Ուղղակի արդեն հոգնել եմ ամեն անգամ այս խնդրի համար խոսելուց, նույն բանն ապացուցելուց, ու որոշեցի մի քիչ հանգստանալ», - մանրամասնեց մեր զրուցակիցը:
Նշենք, որ Հրաչյա Պապինյանը երեկ ֆեյսբուքի իր էջում կատարած գրառման միջոցով տեղեկացրել էր Ալավերդու քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավարի աշխատանքից ազատվելու մասին:
«Ահա և վերջ: Եկավ ժամը հրաժեշտ տալու սիրած ու պաշտած գործին՝ թատրոնին, ավելի ճիշտ Ալավերդու քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պարտականություններին: Թատրոն, որին նվիրել եմ գիտակցական կյանքիս շուրջ 40 տարին: Ծառայել, ստեղծագործել: Ափսոս անավարտ ծրագրերը», - գրել էր նա: