24/07/2019 15:32
Իմ իրավունքներն ամենալկտի ձևով ոտնահարվում են, դատախազությունը չի հետևում օրինականությանը. Ռոբերտ Քոչարյանը՝ դատարանում
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի և բանկային հաշիվների վրա դրված կալանքի գործով դատախազների ներկայացրած բողոքի քննությունն ավարտվեց։ Դատավոր Արսեն Նիկողոսյանը հեռացել է խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 16։30-ին։
Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ որոշել էր, որ Քոչարյանի իրավունքները խախտվել են։ Այս որոշման դեմ բողոքը ներկայացնող դատախազ Պետրոս Պետրոսյանը դատարանում հայտարարել էր, որ որ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքն իրավաչափ է։ Նա բացատրել էր, որ հաշիվների վրա արգելանք է դրվել քաղաքացիական հնարավոր հայցերով և դատական հնարավոր ծախսերի համար։ Նշենք, որ դատական ծախսերն այս պահի դրությամբ չեն գերազանցում 900 հազար դրամը։ Բացի այդ, քաղաքացիական հայց չի ներկայացվել։
Պաշտպանական կողմն այսօր դատարանում հայտարարեց, որ առաջին ատյանի դատարանի որոշումը պատճառաբանված է, իրավաչափ ու դատախազների բողոքը ենթակա է մերժման։
Ավելին՝ դիրքորոշում հայտնեց նաև Ռոբերտ Քոչարյանը՝ հայտարարարելով, որ իր իրավունքները «լկտի ձևով ոտնահարվում են»։
«Ինձ թվում է, որ դատախազությունը պետք է բացի մեղադրելուց, հետևի նաև օրինականությանը, պաշտպանի մարդու իրավունքները», - հայտարարեց Քոչարյանը։
Նա դատարանին հայտնեց, որ և՛ ինքը, և՛ իր պաշտպանները տեղյակ են պահել քննիչին իր իրավունքների խախտման մասին, սակայն ապարդյուն՝ ոչ մի արձագանք չի եղել։ Նախկին նախագահը նաև տեղեկացրեց, որ իր գրասենյակից առգրավել են փաստաթղթեր, որոնք վկայել են իր գույքի ու միջոցների օրինականության մասին։
«Ինձ համար դա տարօրինակ էր, այսինքն՝ առգրավել են բոլորը՝ ինչը ինչպես ու ինչ բանկային հաշիվներով եմ ստացել։ Դրանք բոլորը դրված էին իմ սեյֆում։ Ես մի քանի անգամ նշեցի այդ փաստաթղթերի վերադարձի մասին, սակայն էլի առանց արձագանքի։
Իմ տպավորությամբ՝ սա ուղղակի մի պրակտիկա է, որը Հայաստանում գոյություն ունի, քանի որ այնքան սովորական էր այս ամեն ինչն արվում, ուղղակի շշմում էի, թե ոնց էր կարելի օրենք խախտել և սովորական արձագանքել, երբ ես ասում էի օրենք եք խախտում։
Զարմանալի էր, կենսաթոշակի հարցով ասում էի՝ լավ, ես պետք է թե՛ կոմունալ, թե՛ փաստաբանական ծախսերը հոգամ: Ինչի՞ եք այնպես անում, որ ես, ունենալով հնարավորություն, օգտվեմ իմ բարեկամների, հարազատների աջակացությունից, դա ինձ պատիվ չի բերում: Դարձյալ որևէ արձագանք չկա։ Ենթադրում եմ՝ սա մի պրակտիկա է, որը արվում է այն նույն կոնտեքստով՝ մարդուն զրկում են ամեն ինչից, բոլոր հնարավորություններից՝ խեղճացնելու նպատակով։ Ձեր հարցը հետաքրքիր էր, թե 27 հազարն ինչի՞ են վերցրել, ես կարծում եմ՝ շոկից, երևի թե սեյֆը բացեց, տեսավ՝ 4 միլիարդ չի, 27 հազար է», - հայտարարեց Քոչարյանը։
Քոչարյանի հեգնանքն ակնհայտորեն դուր չեկավ նիստը նախագահող դատավորին, և նա հորդորեց այդ տոնով չխոսել, նշելով՝ «Մարդիկ իրենց գործն են արել։ Խնդրում եմ, իրավունքների շրջանակներում»։
Ի պատասխան Քոչարյանն ասաց, որ իր կարծիքով իրավական լեքսիկոնի շրջանակներում էր իր հայտարարությունը.
«Ես չեմ կարծում՝ ավելորդ բան եմ ասել, դրա համար կխնդրեմ հարգել իմ՝ արտահայտվելու իրավունքը։ Մեկ տարի է՝ իմ իրավունքները ոտնահարվում են, ոստնահարվում են ամենալկտի ձևով։ Ես իրավունք ունեմ այդ մասին բարձրաձայնել»։
«Շատ լավ», - իր հերթին արձագանքեց դատավորը։
Ինչ վերաբերում է իր առանձնատնից հայտնաբերված և առգրավված զենքերին, ՀՀ նախկին նախագահը հայտարարեց, որ դրանք որևէ առնչություն չունեն Մարտի 1-ի գործի հետ:
«Այդ զենքերը բոլորը ստուգված են եղել, այդ բոլոր զենքերի կրակած պարկուճն ամբողջը ոստիկանությունում կա, օրինական զենքեր էին և այնտեղ չկար որևէ զենք, որն օգտագործված է եղել Մարտի 1-ի ժամանակ, կամ ինչ-որ տեսակի զենք, որը կարող էին ենթադրել, որ Մարտի 1-ի հետ կապ ունենար», - հայտարարեց նախկին պաշտոնյան։
Քոչարյանի ներկայացմամբ, առգրավվածները եղել են այլ երկրների ղեկավարների կողմից նվեր տված ատրճանակներ և որսորդական հրազեն։