24/07/2019 13:06
Ռուս նախկին հատուկջոկատայինի սպանության գործով անցնողներից մեկին հայտնաբերել են Հայաստանում. Նա կալանավորվել է
Հունիսի 2-ի գիշերը մերձմոսկովյան Պուտիլկովո գյուղում ռուս նախկին հատուկ ջոկատային 24-ամյա Նիկիտա Բելյանկինի սպանության գործով անցնող անձանցից մեկին կալանավորել են Հայաստանում, Aysor.am-ին տեղեկացնում են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից։
Ըստ աղբյուրի, ռուսական կողմից քրեական գործը ստանալուց հետո միայն մեղադրանքի մասին հայտնի կլինի։ Կալանավորվածի ինքնությունը պաշտոնական աղբյուրը առայժմ չի հրապարակում։
Հիշեցնենք՝ նախկին հատուկջոկատայինի սպանությունը տեղի էր ունեցել «Բիր Հաուս» փաբի մոտակայքում: Վկայակոչելով ՌԴ Քննչական կոմիտեին, ռուսական լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ ռուս նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինը տեսել է՝ ինչպես են մի խումբ անձինք ծեծի ենթարկում երկու անձի: Ագրեսիվ խմբին հանգստացնելու համար Բելյանկինը իր մոտ եղած գազային ատրճանակից մի քանի անգամ օդ է կրակում:
Սակայն դա չէր հանգստացրել խմբին, ավելին, ըստ ռուսական աղբյուրների, նրանք հարձակում են գործել 24-ամյա երիտասարդի վրա: Քաշքշուկի հետևանքով Նիկիտա Բելյանկինը դանակի մահացու հարված էր ստացել կրծքավանդակի շրջանում, ինչի հետևանքով էլ մահացել էր։
Aysor.am-ը անդրադարձել էր այս գործին, ներկայացրել, որ Բելյանկինի սպանության գործով անցնողների մեծ մասը հայեր են։