24/07/2019 19:49
Nissan-ը զանգվածային կրճատումներ է սկսում
Nissan ճապոնական ավտոկոնցեռնն աշխատանքից ազատելու է 10 հազար աշխատակցի ամբողջ աշխարհում, հայտնում է NHK-ը:
Հաղորդվում է, որ դա պայմանավորված է ընկերության ֆինանսական վիճակի վատթարացման հետ. օպերացիոն շահույթը հիմնական գործունեությունից անցած ֆինանսական տարում նվազել է 40 տոկոսով, նվազում են Եվրոպայում և ԱՄՆ-ում վաճառքի ցուցանիշները։ Կրճատումները հիմնականում վերաբերելու են ընկերության արտասահմանյան գործարաններին։
Այս տարվա մայիսին հաղորդվել էր, որ ընկերությունը մտադիր է կրճատել 4800 մարդու։ Հավանաբար, այդ թիվը կրկնապատկվել է, որպեսզի կրճատվեն ծախսերը և օպտիմալացվի ընկերության դրությունը։ Ինչպես տեղեկացնում է հեռուստաընկերությունը, դիտարկվում են նաև արտադրագծերի կրճատման պլաններ։
Մի շարք սկանդալներից և ընկերության նախկին նախագահ Կառլոս Գանի ձերբակալությունից հետո ավտոկոնցեռնը ստիպված է վերակազմակերպել ներքին կառուցվածքը՝ ավելի մեծ թափանցիկություն և արդյունավետություն ապահովելու նպատակով։