24/07/2019 14:20
«Դուշանբե+»-ը՝ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները հետ բերելու փորձ է. Աննա Կարապետյան
«Դուշանբե+»-ը՝ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները հետ բերելու փորձ է: Հայաստանի իշխանությունները, ելնելով վերջին տարվա փորձից, շտկումներ են մտցնում իրենց քաղաքականության մեջ՝ վերջապես բովանդակությունն անվանումներից առաջ դնելով, և դա ողջունելի է: Այդ մասին Aysor.am-ի հետ զրույցում ասել է «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը՝ մեկնաբանելով «Դուշանբե+»-ի շուրջ զրույցները, որոնց անդրադարձ կատարեց նաև ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը երեկ «Օրբելի» կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ:
««Դուշանբե+» ասելով, ինչպես պարզ է դառնում Զոհրաբ Մնացականյանի, իսկ երեկ նաև Աննա Նաղդալյանի խոսքից, հասկանում են հրադադար ամրապնդման միջոցառումների փաթեթ, որը ներառում է նաև հետաքննության մեխանիզմների ներդրում: Այսինքն, Դուշանբե + Վիեննա, Սանկտ Պետերբուրգ և Ժնև: Ի սկզբանե, Հայաստանի նոր իշխանություններն իրենց համար առաջնահերթություն էին սահմանել Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացը նոր կետից սկսելը, այդ նույն տրամաբանությամբ էլ խուսափում էին 2016-ի ապրիլյան պատերազմից հետո ձեռք բերված Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների վրա հղվելուց, դրանց իրագործում պահանջելուց: Ձեռք բերվեցին Դուշանբեի պայմանավորվածությունները և պատրանք ստեղծվեց, որ դրանք բավարար են հրադադարը պահպանելու համար», - նշել է Կարապետյանը:
Նրա խոսքով, փորձագետների կողմից միշտ բարձրաձայնվում էր, որ նոր պայմանավորվածությունները ողջունելի են, բայց չի կարելի թույլ տալ, որ դրանց միջոցով օրակարգից դուրս մղվեն նախորդները:
«Սակայն այդ գիտակցումը բավական ուշ եկավ, երբ ադրբեջանական կողմը սկսեց կրկին ինտենսիվ խախտել հրադադարը: Միայն դրանից հետո ԱԳՆ մակարդակով հայտարարություն տարածվեց, որում ամրագրվեց Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը», - հավելել է նա:
Կարապետյանի խոսքով, այսօր էլ փորձ է արվում «ռեբրենդինգ» անել, և նախորդ պայմանավորվածությունները ներկայացնել նոր անվան տակ, որպես՝ «Դաշանբե+», որպեսզի դրանք չասոցացվեն նախորդ իշխանությունների հետ:
«Դա արդեն ներքաղաքական PR-ի խնդիր է: Այսօր առավել կարևորը հրադադարի պահպանումն է, և եթե նոր անվան ներքո իսկապես կհաջողվի հասնել այդ նախորդ պայմանավորվածությունների կատարմանը, կարևոր չէ դրանք ինչպես կկոչվեն: Սակայն, կարևոր է, որ իշխանությունների համար առաջնայինը բովանդակությունը և արդյունավետությունը լինի, ոչ թե ամեն ինչ 0-ից սկսելու մոլուցքը», - եզրափակել է նա:
«Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրենի կարծիքով՝ վերջին տարվա վարած քաղաքականության հետևանքով զգալիորեն նվազեցրել ենք Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների կատարման շանսերը, քանի որ թույլ ենք տվել դրանք դուրս մղել միջնորդների հայտարարություններից, և կարելի է ասել նաև օրակարգից: Այժմ, լրացուցիչ ջանքեր են պահանջվելու դրանք հետ բերելու և հրադադարի ամրապնդման իրական մեխանիզմներ ձևավորելու համար: