24/07/2019 15:07
Ռուս հատուկջոկատայինի սպանության գործով անցնող անձը, որը կալանավորվել է Հայաստանում, «Բիր Հաուս» փաբի սեփականատերն է
Հունիսի 2-ի գիշերը մերձմոսկովյան Պուտիլկովո գյուղում ռուս նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանիկինի սպանության գործով անցնող անձը, որին Հայաստանում կալանավորել են հայ իրավապահները, Գրիգոր Օհանյանն է, հայտնում է «ТАСС»-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրներին։
Նշվում է, որ Օհանյանը «Բիր Հաուս» փաբի սեփականատերն է։ Նա կալանավորվել է 40 օրով։ Ըստ աղբյուրի, Օհանյանը լքել է Ռուսաստանի տարածքը դեպքի հենց հաջորդ օրը։
Հիշեցնենք՝ նախկին հատուկջոկատայինի սպանությունը տեղի էր ունեցել «Բիր Հաուս» փաբի մոտակայքում: Վկայակոչելով ՌԴ Քննչական կոմիտեին՝ ռուսական լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ ռուս նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինը տեսել էր՝ ինչպես են մի խումբ անձինք ծեծում երկու անձի: Ագրեսիվ խմբին հանգստացնելու համար Բելյանկինն իր մոտ եղած գազային ատրճանակից մի քանի անգամ օդ էր կրակել, սակայն դա չէր հանգստացրել խմբին, ավելին, ըստ ռուսական աղբյուրների, նրանք հարձակում են գործել 24-ամյա երիտասարդի վրա: Քաշքշուկի հետևանքով Նիկիտա Բելյանկինը դանակի մահացու հարված էր ստացել կրծքավանդակի շրջանում, ինչի հետևանքով էլ մահացել էր։
Aysor.am-ը անդրադարձել էր այս գործին, ներկայացրել, որ Բելյանկինի սպանության գործով անցնողների մեծ մասը հայեր են։