24/07/2019 16:35
Քոչարյանի գործով Վերաքննիչ դատարանը մերժեց դատախազների բողոքը
Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, որոշեց մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի և բանկային հաշիվների վրա դրված կալանքի գործով դատախազների ներկայացրած վերաքննիչ բողոքը։ Այսինքն՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումը կմնա ուժի մեջ. դատարանը որոշել էր, որ Քոչարյանի իրավունքները խախտվել են։
Այս որոշման դեմ Գլխավոր դատախազության դատախազները բողոք էին ներկայացրել Վերաքննիչ դատարան։ Դատախազները կարծում էին, որ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքն իրավաչափ է։
Նկատենք, որ 2018 թվականի հուլիսի 30-ին, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելուց 4 օր անց, կալանք էր դրվել նրա՝ ինչպես գույքի, այնպես էլ բանկային հաշիվների վրա:
Դատավորը այսօր որոշումը հրապարակելիս հայտնեց, որ որոշումը ստանալուց 15-օրյա ժամկետում դատախազությունը կարող է վճռաբեկ բողոք ներկայացնել Վճռաբեկ դատարան։
Մեղադրող դատախազ Դոլմազյանը ներկա էր որոշման հրապարակման պահին և հարցին՝ պատրաստվո՞ւմ են վճռաբեկ բողոք ներկայացնել, հստակ պատասխան չտվեց՝ ասելով, որ որոշումը ստանալուց հետո կքննարկեն։
Պաշտպանական կողմից ներկա չէր ոչ ոք, նաև՝ Քոչարյանը, որն այսօր ավելի վաղ ելույթ էր ունեցել դատարանում։
Դատարանի որոշման հրապարակումից հետո Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը հայտարարեց, որ դատարանի որոշումն իրենց բավարարում է։
«Վերջնական բավարարված կլինենք այն դեպքում, երբ այս մեկ տարվա ընթացքում թույլ տված խախտումները կվերացվեն», - հայտարարեց կրտսեր Քոչարյանը։