24/07/2019 19:40
Աթանբաևը ժամանել է Ղրղզստանում Ռուսաստանի ավիաբազա
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը չորեքշաբթի ժամանել է Կանտ քաղաքում գտնվող ռուսական ավիաբազա։
Ինչպես իրադարձությունների վայրից հայտնում է ТАСС-ի թղթակիցը՝ Աթամբաևի ավտոմեքենան մտել է բազայի տարածք։ 100 մեքենայից կազմված նրան ուղեկցող շարասյունը մնացել է բազայի սահմաններից դուրս։
Աթամբաևը չորեքշաբթի ասել է, որ երկու օրով նախատեսում է մեկնել Մոսկվա և այնտեղ կգնա ՌԴ ավիաբազայից, որը գտնվում է ղրղզական Կանտ քաղաքում։
Ինչպես նա հայտնել է լրագրողներին, «թռիչքը կլինի ղրղզական Կանտից»։ Նախկին նախագահի խոսքով՝ թռիչքը կկատարվի «ոչ ռազմական ինքնաթիռով»։ Ինչպես նշել է Աթամբաևը, նա մտադիր է վերադառնալ Բիշքեկ ուրբաթ։
Ղրղզստանի խորհրդարանը հունիսի 27-ին քվեարկել էր Աթամբաեւին անձեռնմխելիությունից և նախկին նախագահի կարգավիճակից զրկելու օգտին, ինչը հնարավորություն է տալիս նրան քրեական պատասխանատվության ենթարկել։
Նա կասկածվում է հողակտորների վերապրոֆիլավորմանն աջակցելու, Բիշքեկի ՋԷԿ-ի վերակառուցման ժամանակ կոռուպցիայի, քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին ապօրինի ազատ արձակելու, նաև ՋԷԿ-ին ածխի անօրինական մատակարարումների և Չույսկի մարզի Կոյ-Թաշ գյուղում ապօրինի տուն կառուցելու համար։