24/07/2019 19:56
Նախարարությունը պնդում է՝ կոլեկտիվում անառողջ մթնոլորտ է, Մարիաննա Մխիթարյանը նշանակված է որպես խաղաղապահ մարմին. Յուրի Իգիթխանյանը՝ Ռուսական թատրոնում իրավիճակի մասին
Օրերս Երևանի Ռուսական թատրոնում աննախադեպ երևույթ տեղի ունեցավ. թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը փոխարինվեց տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատարով՝ Յուրի Իգիթխանյանին փոխարինելու եկավ «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն, դերասանուհի Մարիաննա Մխիթարյանը:
Ի դեպ, Յուրի Իգիթխանյանը Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրենի ղեկը զբաղեցրեց ուղիղ 6 ամիս, 6 ամիս անց սահմանված կարգով մասնակցեց թատրոնի տնօրենի մրցույթին, բայց քանի որ հայտ ներկայացրած միակ թեկնածուն էր, նախարարությունը մրցույթը չեղարկեց:
Թատրոնի գեղարվեստական ղեկավարին ու արդեն նախկին տնօրենի ԺՊ-ին թե՛ մշակույթի նախարարության ներկայացուցիչները, թե՛ տնօրենի նոր ԺՊ-ն հավաստիացրեցին՝ այս նշանակումը մեկ ամսով է, ուղիղ մեկ ամսից տնօրենի մրցույթ է լինելու, ինչի արդյունքում կընտրվի նոր տնօրեն:
Aysor.am-ի հարցին` ինչո՞վ էր պայմանավորված, որ մինչ նոր մրցույթի տեղի ունենալն ինքը չշարունակեց ԺՊ-ի պարտականությունները՝ Յու. Իգիթխանյանը պատասխանեց.
«Նախարարությունը պնդում է, որ մեր կոլեկտիվում անառողջ մթնոլորտ է, իրենց նամակ-բողոքներ են ուղարկել, ու Մարիաննան նշանակված է որպես խաղաղապահ մարմին: Բայց դա միայն իրենց պնդումն է, քանի որ մենք աշխատելով այդ նույն կոլեկտիվի հետ՝ նման բան չենք նկատել: Անձամբ ես չեմ հասկանում՝ ինչի՞ մասին է խոսքը, այդ նամակները ոչ տեսել եմ, ոչ էլ բողոքներ լսել: Չեմ հասկանում նաև ժամանակավոր պաշտոնակատարին մի նոր ժամանակավոր պաշտոնակատարով փոխարինելու տրամաբանությունը: Ի վերջո, թատրոնն այսքան դժվարություններից հետո ուղղություն էր վերցրել ու այդ ուղղությամբ գնում էինք: Թեև, արդեն իսկ ծրագրված հյուրախաղերից մեկով՝ Ռյազանի հյուրախաղերով, տիկին Մխիթարյանը հիմա զբաղվում է, կազմակերպում է, սակայն նախապես մշակված այլ ծրագրեր էլ ունեինք: Վերջերս մեզանից հեռացավ մեր հրաշալի դերասան Սերգեյ Մաղալյանը, ում մասնակցությամբ ներկայացումները պետք է վերականգնվեն, իր փոխարեն ներմուծումներ արվեն: Մի խոսքով, հայտնվեցինք շիլա-շփոթի մեջ»:
Անդրադառնալով հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է այն, որ թատրոնի ներսում կարող են լինել խառնակիչներ, ովքեր տնօրենի պաշտոնի համար ամբիցիաներ ունեն ու գուցե ձեռնարկել են նախարարությանն ուղղված դիմում-բողոքները, նշեց.
«Ամեն ինչ հնարավոր է: Ես եկել եմ այն եզրակացության, որ այս կյանքում, հատկապես՝ թատերական աշխարհում, ամեն ինչ էլ կարող է լինել: Չեմ զարմանա, որ նման նկրտումներ ունեցողներ լինեն, ովքեր այսպիսի պատմություն են սարքել: Գուցե, կոպիտ է հնչում, բայց սա հայկական ինտրիգասեր, բամբասկոտ մթնոլորտի արտացոլանք կարող է լինել»:
Մարիաննա Մխիթարյանին ներկայացնելիս նախարարության ներկայացուցիչներն անհրաժեշտ չեն գտել դա անել ամբողջ կոլեկտիվի, թատերախմբի ներկայությամբ: Ներկա են եղել միայն թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը, տնօրենի արդեն նախկին ԺՊ Յուրի Իգիթխանյանն ու փոխտնօրենը:
Փաստորեն, նոր ԺՊ-ի առաքելությունն այս մեկ ամսում կոլեկտիվում դրական մթնոլորտ ստեղծելն ու մեր զրուցակցի խոսքով՝ միմյանց «բարիշացնելն» է, որպեսզի տնօրենի աշխատանքի համար հաջորդ մրցույթն անցնի լավ միջավայրում… Բայց հատկանշական է այն, որ հուլիսի 17-ից մեկ ամսով Ռուսական թատրոնի աշխատակիցներն արձակուրդ են մեկնել: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս է ստացվելու առողջացնել մթնոլորտը մի կոլեկտիվում, որն այդ ընթացքում ֆիզիկապես բացակայում է թատրոնից:
«Ասեմ, որ նախարարության հրամանի մեջ սևով սպիտակի վրա հստակ գրված է՝ մինչև ՊՈԱԿ-ի տնօրենի մրցույթն անցկացնելը ու մրցույթը հաղթահարած անձի՝ տնօրեն նշանակվելը, ԺՊ-ն նշանակվում է ոչ առավել, քան 6 ամիս ժամկետով: Այսինքն, մեկ ամիսը բանավոր է ասվել, բայց մինչև 6 ամիս կարող են ձգձգել մրցույթը: Կոլեկտիվը, որի մեջ, ըստ իրենց լարվածություն կա, ներկա պահին արձակուրդում է: Սակայն ամեն օր զանգում են միմյանց, ինձ են զանգում, հետաքրքրվում, թե թատրոնում ի՞նչ է կատարվում ու ի՞նչ է լինելու», - ընդգծեց նա:
Թեև Մարիաննա Մխիթարյանի՝ ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուց արդեն գրեթե կես ամիս է անցել, սակայն տնօրենի մրցույթի օրը դեռևս չի հայտարարվել: Յու. Իգիթխանյանը նկատում է՝ տնօրենի նոր ԺՊ-ի փոխանցմամբ՝ նախարարությունից ասել էին, որ մրցույթի օրը պետք է հայտարարվեր դեռևս հուլիսի 12-ին, հետո էլ օրը փոխվեց 15-ի, բայց մինչ այսօր օր չի հայտարարվել: Չգիտի՝ ինչ են ուզում անել, բայց կարծում է, որ մրցույթի օրը ձգվելու է մինչև 6 ամիս:
Հարցին՝ կմասնակցի՞ արդյոք տնօրենի մրցույթին՝ մեր զրուցակիցը դրական պատասխան տվեց.
«Իրականում հասկանում եմ, որ մրցույթը սուբյեկտիվ մոտեցում է: Կա երկրորդ փուլ, կա մարդկային գործոն, չէ՞ որ համակարգչի հետ չես շփվում: Բայց իմ մասնակցությունը, միանշանակ, լինելու է: Այս ամառվա համար թատրոնի հետ կապված մեծ ծրագրեր ունեի, հիմա այդ ամենը մի կողմ եմ դնում ու բոլորի հետ սպասում, թե Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը երբ կորոշի թափուր հաստիքի համար մրցույթ հայտարարել»:
Ի դեպ, Յուրի Իգիթխանյանը վերջին ամիսներին վերադարձել է նաև դերասանական կազմ ու ընդգրկվել ներկայացումներում: Ներկայումս շարունակում է մնալ դերասանական կազմում, հետագան՝ ժամանակը ցույց կտա:
Հետաքրքրվեցինք՝ Ռուսական թատրոնի երկարամյա տնօրեն Ֆրեդ Դավթյանը, ով նաև այդ նույն թատրոնի դերասան էր, հեռանալուց հետո պահո՞ւմ է կապը գործընկերների հետ, թե՞ ոչ:
«Ասեմ, որ իմ նշանակումից հետո իր հետ մոտ 1 ամիս, ամիս ու կես բանակցում էինք, որպեսզի որպես դերասան իր դիմումը հետ վերցնի, բայց նա անդրդվելի էր, հասկացանք, որ իր որոշումը վերջնական է: Որևէ բացատրություն չտվեց: Բայց դե երևի բոլորս էլ հասկանում ենք, որ դժվար է որպես դերասան մնալ մի վայրում, որտեղ երկար տարիներ ինքդ ես ղեկավարել: Իհարկե, ափսոս, որովհետև նա ևս մեր թատրոնի էմբլեմաներից մեկն էր» - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Յուրի Իգիթխանյանը: