25/07/2019 14:22
Վճիռ` Հայաստանի դեմ. ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է ՀՀ կառավարությանն աննախադեպ չափի գումար վճարել տուժողին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է «Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» գործով հերթական վճիռը, որով պարտավորեցրել է Հայաստանի կառավարությանն այս գործով տուժողներին եռամսյա ժամկետում որպես փոխհատուցում վճարել 1 մլն 600 հազար եվրո, Aysor.am-ին տեղեկացրեց փաստաբան Սերգեյ Գրիգորյանը։
Նրա ներկայացմամբ, սա փոխհատուցման աննախադեպ չափ է և ավելին է, քան մինչ այսօր ՄԻԵԴ կողմից Հայաստանի դեմ կայացրած բոլոր վճիռներով փոխհատուցումների հանրագումարը։
Այս գործով ՄԻԵԴ-ն ավելի վաղ որոշում էր հրապարակել՝ արձանագրելով տուժողներ Երևանի Բուզանդի փողոցի բնակիչներ Յուրի Վարդանյանի, Արտաշես Վարդանյանի ու Շուշանիկ Նանուշյանի սեփականության իրավունքի խախտումը։
Նրանց, հիշեցնենք, «գերակա հանրային շահ» ճանաչված տարածքից չնչին փոխհատուցման դիմաց վտարել էին իրենց տներից: Մասնավորապես, տան իրական արժեքի՝ 276 մլն դրամի փոխարեն, պետությունը կամ կառուցապատումն իրականացնող ընկերությունը փոխհատուցել էր միայն 54 մլն դրամը: Սպառելով ներպետական դատական ատյանները՝ հայցվորներն իրենց պաշտպան Վահե Գրիգորյանի հետ դիմել էին ՄԻԵԴ: 2016թ.-ին ՄԻԵԴ-ն այս գործով վճիռ էր հրապարակել՝ փաստելով, որ խախտվել է կողմերի անաչառ, արդար դատաքննության իրավունքը, ինչի հետևանքով մարդիկ զրկվել էին սեփականության իրավունքից: Եվրոպական դատարանն արձանագրել էր, որ խախտվել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը (Արդար դատաքննության իրավունք)։
Բացի այդ, ՄԻԵԴ-ը փաստելով Կոնվենցիայի 1-ին (մարդու իրավունքները հարգելու պարտականությունը), 8-րդ (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) և 41-րդ (արդարացի բավարարումը) հոդվածների խախտումները, Հայաստանի կառավարությանն ու դիմող կողմին առաջարկել էր երեք ամիսների ընթացքում, երբ դատական ակտը կմտնի օրինական ուժի մեջ, գալ փոխհամաձայնության, գրավոր նկատառումներ հայտնել վնասի չափի վերաբերյալ, հակառակ դեպքում դատարանն ինքը կորոշի փոխհատուցման չափը: Փոխհամաձայնության կողմերը չեն եկել, և այժմ դատարանը որոշել է որ որպես փոխհատուցում ՀՀ կառավարությունը տուժողներին կփոխհատուցի աննախադեպ չափի գումար։
«Այս գործն այն մասին է, որ Երևանի կենտրոնում թանկարժեք գույքն անգամաներ պակաս արժեքով սեփականատերերից խլելու և այն օրվա իշխանության հետ սերտաճած խմբավորումներին՝ «պետական կարիքների» հիմնավորմամբ փոխանցելու վերաբերյալ ծրագրի շրջանակներում պրն. Յ. Վարդանյանին, հարյուրավոր այլ ընտանիքների հետ մեկտեղ, զրկել էին Բուզանդի 13 հասցեում գտնվող սեփականության իրավունքով պատկանող տան և հողամասի նկատմամբ սեփականության իրավունքից:
Տան արժեքի մի չնչին մաս փոխհատուցվել էր, իսկ հողամասի դիմաց փոխհատուցում չէր տրվել այն պատճառաբությամբ, որ այդ հողամասն իր սեփականությունը չէր: Հետագայում, երբ կառուցապատող ընկերության սեփականատերն ԱՄՆ-ում ՀԵՏՔ-ին մանրամասնել էր, թե ինչպես էր իր ընկերությունը հասել նրան, որ պրն. Վարդանյանին սեփականազրկելու այս՝ անհամեմատ ավելի էժան տարբերակն էր ընտրվել, նա նաև մանրամասն տեղեկություններ էր հաղորեդել այն մասին, թե որ դատավորին, որքան և ինչ պայմանավորվածությունների դիմաց է վճարվել այս «ծրագիրը» կատարելու համար (հրապարակումները՝ ներքևում):
Այս գործում իր ուղիղ դերակատարությունն էր ունեցել նաև Հայաստանի Վճռաբեկ դատարանի նախագահը, որի վարքի մասով ՄԻԵԴ-ը միաձայն եզրահանգել էր, որ այն անհամատեղելի է եղել անկողմնակալ դատարանի վարքի ՄԻԵԿ 6-րդ հոդվածով նախատեսված պահանջի հետ: Նրա, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների դերակատարության մասին հիշատակումներ կատարել է նաև կառուցապատող ընկերության համասեփականատերը։
Փաստորեն, «պետական կարիքների» անվան տակ սեփականատիրոջն ապօրինաբար սեփականազրկել են՝ իր գույքի արժեքը չվճարելու համար և հիմա՝ 12 տարի անց կառուցապատող ընկերության և դրա հետ սերտաճած պետական պաշտոնատար անձանց և դատավորիների հանցավոր համագործակցության հետևանքների համար պետական բյուջեն վճարելու է շուրջ 1 միլիոն ԱՄՆ դոլարի չափ գումար, որը պրն. Յ. Վարդանյանի կրած վնասի դեռ միայն մի մասն է։
Հուսով եմ, որ իրավապահ մարմինները մանրամասնորեն քննության առարկա կդարձենն այս գործով բոլոր կոռուպցիոն դրսևորումները և իրավական գնահատական կտան տեղի ունեցածին»,- իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է փաստաբան Գրիգորյանը:
Նկատենք, որ «Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» գործով որպես արդար դատաքննության իրավունքը խախտող դատավոր ՄԻԵԴ վճռում մի քանի անգամ շեշտվում է Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի անունը։
2016թ.-ին այս վճռի հրապարակումից հետո փաստաբանական համայնքի առանձին ներկայացուցիչներ հայտարարություն տարածեցին այն մասին, որ սա առաջին անգամն է, երբ ՄԻԵԴ վճռում նշվում է դատավորի անունը և գնահատական տրվում նրա գործողություններին և պահանջում էին նրա հրաժարականը։ Սակայն Մկրտումյանը Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնից հրաժարական տվեց միայն իշխանափոխությունից հետո՝ 2018թ.-ի հունիսի 5-ին։