25/07/2019 09:54
«Ժողովուրդ». «Իմքայլական» պատգամավորները փակ հանդիպում են ունեցել Երևանի քաղաքապետի հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ իր տեղեկություններով` նախօրեին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ գնացել են Երևանի քաղաքապետարան` Հայկ Մարությանի հետ հանդիպման:
«Մենք տեղեկացանք, որ հանդիպման ֆորմատը «փակ» է եղել, հանդիպումն էլ նախաձեռնել են իմքայլականները: Իշխանական պատգամավորները փորձել են Հայկ Մարությանից պարզել այն հարցերը, որոնք այս ժամանակահատվածում անհանգստացնում են երևանցիներին: Բայց երբ քննադատական որևէ խոսք կամ դժգոհություն է հնչել, քաղաքապետ Հայկ Մարությանը չի ընդունել դրանք` հավաստիացնելով, որ այն օպերատիվությամբ և արդյունավետությամբ, որ աշխատում է քաղաքապետարանը, ուղղակի անպատկերացնելի է, և սրանից ավելին անհնար է ներկայիս օրենսդրության պայմաններում», - գրել է թերթը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ հանդիպմանը ներկա է գտնվել պատգամավորներից Մերի Գալստյանը, որը թերթի հետ զրույցում հայտարարել է. «Մենք ուղղակի փորձել ենք հասկանալ օրենսդիր-քաղաքապետարան աշխատանքները, ինչպես կարելի է արդյունավետ կազմակերպել օրենսդրական դաշտում լուծումներ տալու համար»: