25/07/2019 11:43
Երևանը հուսով է, որ Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհի հարցի հանգուցալուծումն ավելի տեսանելի կդառնա. ԱԳ նախարար
Վերին Լարսի համար այլընտրանքային ճանապարհ գտնելու շուրջ բանակցությունների նոր փուլ է մոտենում:
«Ինչպես դա կընթանա և ինչ առաջխաղացում կարող է լինել... իհարկե հարցին հետևելով և խորհրդակցելով, խոսելով մեր գործընկերների հետ` կարող եմ ուղղակի հույս հայտնել, որ կլինի նման իրավիճակ, բայց դրանից ավել չեմ կարող ասել», - ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը Վրաստանում լրագրողների հետ զրույցում:
Նրա խոսքով՝ այլընտրանքային այդ ճանապարհն առաջին հերթին վերաբերում է Ռուսաստանին և Վրաստանին, և «վստահ եմ` Դուք էլ հետևել եք, լրատվական հոսքերում տեսել եք, որ այդ առումով բանակցությունները երկու կողմերի միջև շարունակվում են»:
«Բնականաբար, մենք շատ ուշադիր հետևում ենք և խոսում ենք դրա մասին մեր երկու գործընկերների` և՛ Ռուսաստանի, և՛ Վրաստանի հետ: Բայց բանակցող կողմերը Ռուսաստանն ու Վրաստանն են: Մենք, բնականաբար, դրա մասին խոսել ենք նաև այսօր և շարունակում ենք հետևել` հույս ունենալով, որ իրապես կլինի իրավիճակ, երբ հարցի հանգուցալուծումն ավելի տեսանելի, շոշափելի կդառնա», - ասել է Մնացականյանը: