25/07/2019 11:50
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ
Հուլիսի 24-ին Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում տեղի է ունեցել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ: Այս մասին ահյտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Վարչապետ Մամուկա Բախտաձեն և ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել են հայ-վրացական երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ երկուստեք համոզմունք հայտնելով, որ հետագա ակտիվ փոխգործակցությունը կնպաստի երկու հարևան ու բարեկամ պետությունների միջև մի շարք ուղղություններով համագործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը:
Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են առևտրատնտեսական հարաբերությունների բարձր մակարդակը՝ նշելով, որ այդ կապերի փոխշահավետ դինամիկ զարգացման համար անհրաժեշտ է համատեղ ջանքեր գործադրել առկա մեծ ներուժի կիրառման ուղղությամբ, այդ թվում տարածաշրջանային նոր ծրագրերի խթանման միջոցով:
Զոհրաբ Մնացականյանը և Մամուկա Բախտաձեն դրական են գնահատել միջազգային կառույցներում և բազմակողմ այլ հարթակներում Հայաստանի և Վրաստանի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը: Կողմերը ԵՄ Արևելյան գործընկերության 10-ամյա հոբելյանի համատեքստում մտքեր փոխանակել են այդ նախաձեռնության ապագա տեսլականի և այդ ձևաչափում համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերի շուրջ։
Այս առնչությամբ առանձնահատուկ ընդգծվել է երիտասարդության շրջանում կապերի խթանմանն ուղղված ծրագրերի նախաձեռնումը, ինչն առավել կամրապնդի ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքների հիման վրա գործող հասարակությունների հետագա մերձեցումը:
Վրաստանի վարչապետը և Հայաստանի ԱԳ նախարարը բարձր են գնահատել վիրահայ համայնքի կամրջող դերակատարությունը երկու բարեկամ ժողովուրդների առավել մերձեցման և հարաբերությունների ամրապնդման հարցում։ Հայաստանի ԱԳ նախարարն իր երախտագիտությունն է հայտնել Վրաստանի իշխանություններին՝ հայ համայնքի հանդեպ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար:
Վրաստանի վարչապետը և Հայաստանի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ՝ շեշտելով տարածաշրջանի խաղաղության և կայունության անհրաժեշտությունը և այս ուղղությամբ Հայաստանի և Վրաստանի հետագա համագործակցության կարևորությունը: