25/07/2019 13:36
Հայ-վրացական հարաբերություններն այսօր կարիք ունեն բովանդակային լրացումների. Փորձագետ
Հայ-վրացական հարաբերություններն այսօր բովանդակային լրացումների և վերամեկնարկի կարիք ունեն, Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Վրաստան կատարած պաշտոնական այցին:
«Ավելորդ է ասել, թե ինչպիսի նշանակություն ունեն հայ-վրացական հարաբերությունները թե՛ հայերի, թե՛ վրացիների համար: Սակայն այսօր միջպետական հարաբերությունների մակարդակը ոչ լիարժեք է արտացոլում այդ կարևորությունը և նշանակությունը: Անշուշտ, հայ-վրացական հարաբերություններն այսօր բովանդակային լրացումների և վերամեկնարկի կարիք ունեն: Ցանկալի կլիներ, որ արտգործնախարարի այս այցի շրջանակում հայկական կողմը հանդես գար նման նախաձեռնությամբ, սակայն արդեն կայացած հանդիպումներից, այդ թվում՝ թե՛ Վրաստանի վարչապետի, թե՛ ԱԳ նախարարի, ինչպես նաև արված հայտարարություններից ու ճեպազրույցից, պարզ է դառնում, որ նման հարցերը բացակայում են օրակարգից: Չնայած Հայաստանի իշխանությունները հայտարարությունների մակարդակով շատ են կարևորում Վրաստանի հետ հարաբերությունները՝ ակտիվ փոխայցեր ու շփումներ կան, սակայն դրանցում բովանդակային փոփոխություն ու էական առաջընթաց չի երևում», - նշեց փորձագետը:
Հերմինե Մխիթարյանի կարծիքով՝ առկա խնդիրները հայ-վրացական հարաբերություններում հեշտ է լուծել՝ քաղաքական կամքի և հետևողականության պարագայում:
«Այո, մենք տարբեր ինտեգրացիոն գործընթացներում ենք, բայց արդյոք քաղաքական կամքի առկայության պարագայում հնարավոր չէ փոխադարձության սկզբունքով հասնել ինտեգրացիոն գործընթացներից բխող հնարավորինս շահավետ պայմանների ձեռքբերման: Նույն կերպ և միջազգային կազմակերպություններում հայտարարությունների և քվեարկությունների դեպքում և այլն: Մենք ունենք հնարավորություն երկկողմ հարաբերությունները բերելու նոր, ռազմավարական մակարդակի և պիտի աշխատենք այդ ուղղությամբ», - ամփոփեց խոսքը Մխիթարյանը: