25/07/2019 11:19
Արցախում զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է դիրքի ավագը
Ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Գալոյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է դիրքի ավագը:
Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Նկատենք, որ ՀՀ Քրեական օրենգրքի 358.1 հոդվածը սահմանում է. «Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը»։
Ավելի վաղ Քննչական կոմիտեն այս դեպքի մասին հայտնել էր, որ հուլիսի 23-ին` ժամը 22:55-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Համլետի Գալոյանն ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու՝ սպանելու, ուղղակի դիտավորությամբ նշված մարտական դիրքի գետնատնակի հարակից տարածքում իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել մարտական դիրքի ավագի ուղղությամբ, սակայն Վ. Գալոյանի հանցագործությունն ավարտին չի հասցվել վերջինիս կամքից անկախ հանգամանքներով:
Կրակահերթ արձակելուց անմիջապես հետո, Վ. Գալոյանն իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով թողել է դիրքի տարածքը, որից հետո՝ 2019թ. հուլիսի 24-ին՝ ժամը 04:20-ի սահմաններում, մարտական դիրքի դիտակետից շուրջ 50 մետր հեռավորությամբ, հայտնաբերվել են վերջինիս դին՝ ծնոտի ստորին շրջանում հրազենային վնասվածքով, և կողքին ընկած նրա ինքնաձիգը: