25/07/2019 17:56
Երբեմն սկսում ես փոշմանել՝ այն, ինչ արել ես, ինչի՞ համար ես արել, ո՞ւմ համար ես արել. «Արարատ-73»՝ Նիկոլայ Ղազարյան (Տեսանյութ)
Զուր չի ասված՝ մարդկային հիշողությունը կարճ է. այսօր մենք հպարտանում ենք նրանցով, ովքեր պատմություն են կերտում, վաղը մոռանում ու անտեսում այդ նույն անհատներին:
Չեմ սխալվի, եթե ասեմ՝ բոլոր սերունդները գիտեն, լսել են լեգենդար «Արարատ-73»-ի մասին, բայց «Արարատ-73»-ի լեգենդներին քչերն են ճանաչում: Ի՞նչ հոգսեր ունեն, ինչպե՞ս են ապրում կարիերան ավարտելուց հետո՝ անհայտ է թե՛ հասարակությանը, թե՛, ցավոք, պետական այրերին: Այնինչ, պատմություն կերտած մարդիկ երբեք նախկին չեն լինում:
Երևանի Կիևյան փողոցի վրա գտնվող 5 հարկանի շենքերից մեկի բակում հուլիսի 25-յան առավոտը նարդու շրխկոցով էր սկսվել: Ու մինչ Aysor.am-ի լրագրողն ու օպերատորը պայմանավորված ժամին շենքի բակում սպասում էինք ԽՍՀՄ սպորտի վարպետ, «Արարատ-73»-ի ձախ եզրային հարձակվող, 1973 թ. ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր, 1971, 1976 թվականների առաջնությունների արծաթե մեդալակիր Նիկոլայ Ղազարյանին ու քննարկում նրա «ուշանալու» պատճառի տարբերակները՝ պարզվեց՝ 72-ամյա ֆուտբոլիստը առաջինն է հասել ժամադրավայր ու բակային տաղավարում նարդու «ընկերական հանդիպում» է անցկացնում: «Հակառակորդն» էլ, ոչ ավել, ոչ պակաս՝ Վաստակավոր օդաչու էր, երկար տարիների ինքնաթիռի հրամանատար…
«Ինչպե՞ս եք Ձեզ զգում» հարցն ամուր նյարդերով ու ժամանակին ամենաարագ ֆուտբոլիստին ստիպեց հուզվել. 3 տարվա ընթացքում՝ 1 ինսուլտ և 3 միկրոինսուլտ, պլյուս այդ ամենին՝ ռևմատոիդ արթրիդ, բայց զրո գրամ ուշադրություն ու զրո դրամ օգնություն պետության կողմից:
«Կազդուրվելու համար դեղեր են պետք, առողջարանային ռեժիմ, բայց դե պայմանները մի քիչ թույլ չի տալիս: Պետության օգնելու հարցն էլ մեզ մոտ մի քիչ դժվար է: Ճիշտ է՝ խոստանում են, բայց դե գործը դրանից առաջ չի գնում, մենք անտերության ենք մատնված, մեզ վրա ոչ-մեկն ուշադրություն չի դարձնում: Դա շատ վատ է: Ուրիշ երկրներում սպորտային թոշակներ են ստանում, բայց մեզ մոտ չկա, մենք չենք ստանում: Երբեմն սկսում ես փոշմանել, վերջերս ինքս էլ ինձ հաճախ հարց եմ տալիս՝ այն, ինչ արել ես, ինչի՞ համար ես արել, ո՞ւմ համար ես արել: Մտածմունքերից արդեն ուժասպառ եմ եղել: Ոչ մի պետական սատար չկա, ու ոչ միայն ինձ: Շատ սպորտսմեններ ունենք, ովքեր աջակցության կարիք ունեն», - ոչ թե բողոքում, այլ ցավով փաստն է արձանագրում Նիկոլայ Ղազարյանն, ով պետության կողմից նկատելի, բայց անշոշափելի մեկ պարգև ունի՝ հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
Բաքվում ծնված, մայրական կողմից՝ լիտվացի, հայրական կողմից՝ հայ Նիկոլայ Ղազարյանը 10 տարեկանից Երևանում է ապրում, այստեղի ֆուտբոլային դպրոցում էլ դրել է իր փառահեղ ֆուտբոլային կարիերայի հիմքը: Ասում է՝ շատ կարևոր է, որ ֆուտբոլիստն իր գործին նվիրված լինի: Բայց բացի նվիրումից մերօրյա ֆուտբոլիստների մոտ շատ այլ կարևոր բաղադրիչներ են պակասում:
«Ատլետիզմը, ֆիզիկական ուժը, պայքարը, չէ՞ որ ֆուտբոլն ինքնին պայքար է ամեն վայրկյան: Օրինակ, Մեսսին աշխարհի ամենաուժեղ ֆուտբոլիստն է, միշտ հաղթողի դերում է, որովհետև նվիրված է, պայքարում է գնդակի համար: Մեզ այդ կարգի ֆուտբոլիստներ են պետք: Մեր ժամանակ ֆուտբոլը պետության ուշադրության կենտրոնում էր, մեզ ասում էին՝ երբ դուք հաղթում եք, գործարաններում բանվորները բարձր տրամադրություն են ունենում ու պլանը գերակատարում են (ծիծաղում է- հեղ.): Բայց դե հիմա ոչ գործարան կա, ոչ էլ բանվոր… Իհարկե, հեռանկարային ֆուտբոլիստներ ունենք, բայց համապատասխան մարզիչներ, պայմաններ են պետք, հաջողության համար պետք է ճիշտ դրվածք դրվի», - նշում է նա:
«Արարատ 73»-ի տղաները մինչ այսօր էլ կապը պահպանում են, բայց դե ժամանակն էլ իրենն է անում:
«Կյանքը դժվարացել է, հարազատներն էլ առաջվա պես բարեկամություն չեն անում, մտերիմ չեն», - նկատում է ֆուտբոլային հսկան ու շարունակում.
«Մենք նաև լավ, հայտնի հարևաններ ունենք, որոնց շարքերում են շախմատի Օլիմպիական չեմպոն Արտաշես Մինասյանը, Օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանը… Բոլորի հետ էլ շփում ունեմ, արդեն 63 տարի է՝ Կիևյան փողոցում եմ ապրում»:
Նիկոլայ Ղազարյանը 2-սենյականոց իր տանը բնակվում է կնոջ, դստեր, որդու, հարսի ու թոռնիկի հետ: Հպարտությամբ է ընդգծում՝ որդին փրկարար է, մարդկանց է օգտակար լինում: Դուստրն էլ, թեև մասնագիտությամբ լրագրող է, բայց այլ գործով է զբաղվում…
Մանրամասները՝ տեսանյութում։