26/07/2019 15:19
ԱՆ-ն դիմել է Վենետիկի հանձնաժողով՝ ՀՀ Սահմանադրության տեսանկյունից Ստամբուլյան կոնվենցիայի մասին կարծիք ստանալու համար. Նախարար
Հայաստանի արդարադատության նախարարությունը Ստամբուլյան կոնվենցիայի մասին խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել է Վենետիկի հանձնաժողով, այս մասին հայտարարել է նախարար Ռուստամ Բադասյանը։
«Սիրելի՛ քաղաքացիներ
«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի շուրջ առաջացած մտահոգությունները հաշվի առնելով՝ այսօր դիմել ենք Վենետիկի հանձնաժողով՝ ստանալու Հանձնաժողովի պաշտոնական կարծիքը ՀՀ Սահմանադրության տեսանկյունից Կոնվենցիայի վավերացման ազդեցության վերաբերյալ: Հանձնաժողովի կարծիքը ստանալուն պես Արդարադատության նախարարությունն այն կհրապարակի», - իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է նախարարը:
«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի Խորհրդի կոնվենցիան ստորագրվել է 2011թ.-ին Ստամբուլում և այդ պատճառով էլ ստացել է Ստամբուլյան կոնվենցիա անվանումը։
Կոնվենցիան ունի 81 հոդված։ Փաստաթուղթը դատապարտելի ու անընդունելի է համարում կանանց նկատմամբ բռնությունը։ Դրա նպատակն է պաշտպանել կանանց բռնությունից, վերացնել կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերը հաստատել կանանց և տղամարդկանց միջև իրական հավասարություն, կարգավորել բռնության, նաև՝ ընտանեկան բռնությունը վերացնելու ուղղությամբ քաղաքականությունների մշակումը։
Կոնվենցիայի սահմանադրականության հարցը պետք է քննարկվի Սահմանադրական դատարանում և եթե այն համապատասխանի ՀՀ Սահմանադրությանը, ապա կհաստատվի, որից հետո միայն կվավերացվի ԱԺ-ում։