26/07/2019 14:58
Վլադիմիր Կարապետյանը Թբիլիսիում և Երևանում ռեստորաններ չունի. Վարչապետի աշխատակազմը հերքում է մամուլի հրապարակումը
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հերքում է այսօր մամուլում հրապարակված տեղեկությունը, թե վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը Երևանում ու Թբիլիսիում ունի ռեստորաններ։
«Այսօր մամուլում գրվեց, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը Թբիլիսիում և Երևանում ռեստորաններ ունի։ Անգամ նշվում էր, որ Վրաստանի մայրաքաղաքի Ռուսթավելի փողոցում այդ ռեստորանների թիվը երկուսն է։
Այս կապակցությամբ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հարկ է համարում տեղեկացնել, որ «Իրատես» թերթում 2019 թվականի հուլիսի 26-ին տեղ գտած «Բա ասում եք՝ գործարարներ չունեք» վերտառությամբ հրապարակման մեջ լրագրողի պնդումը, թե վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը «Թբիլիսիում և Երևանում ռեստորաններ ունի», իրականությանը չի համապատասխանում։
ՀՀ վարչապետի աշխատակազմն անթույլատրելի է համարում այս հրապարակման մեջ տեղ գտած ոչ ճիշտ պնդումն ու, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն, պահանջում է «Իրատես» թերթում և Irates.am կայքում հրապարակել դրա հերքումը», - ասված է հերքման տեքստում։