26/07/2019 12:40
Դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը անօրինական է. Փաստաբանը պահանջներ է ներկայացրել իրավապահներին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը քննչական գործողությունն իրականացնելու ընթացքում կնիքված է եղել, և դատավորը ինչ-որ պահի չի կարողացել մուտք գործել այնտեղ, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը՝ ցուցադրելով այդ մասին վկայող մի լուսանկար։
Դավիթ Գրիգորյանը, հիշեցնենք, Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավորն է, որը որոշել էր կասեցնել նախկին պաշտոնյաների վերաբերյալ քրեական գործի վարույթը և ուղարկել Սահմանադրական դատարան՝ վիճահարույց հարցերի պատասխաններ ստանալու համար։ Բացի այդ, հենց այս դատավորի որոշմամբ էր Քոչարյանը ազատվել կալանքից։
Փաստաբանն ասաց, որ պահանջել են ներկայացնել դատարանի որոշում, որի հիման վրա կնիքվում է դատավոր Գրիգորյանի աշխատասենյակը ու նրան արգելվում է մուտք գործել աշխատասենյակ, սակայն նման որոշում չի ներկայացվել։
«Քննիչը խուզարկության ներկայանալիս ուղղակի ձևով պահանջել է, որ դատավորը հեռանա, քանի որ նա չի մասնակցելու քննչական գործողությանը։ Մենք առարկել ենք, ասել, որ աշխատասենյակի բանալին գտնվում է դատավորի մոտ, հետևաբար այն չենք ներկայացնի, որից հետո քննիչը ինչ-որ անձանց հետ խոսեց հեռախոսով, հետո ներկայացավ, ասաց, որ դատավորին թույլ են տվել մասնակցել խուզարկությանը, սակայն փաստաբանին՝ ոչ։ Մենք պահանջել ենք արձանագրել այդ ամենը, ինչը արվել է», - ներկայացրեց փաստաբանը։
Մելիքյանը նշեց, որ քննիչին թույլատրվել է կատարել խուզարկություն երկու՝ դատավորի ու նրա օգնականի աշխատասենյակներում, սակայն քննիչը առանց դատարանի որոշման կատարել է խուզարկություն դատարանի նիստերի քարտուղարի և գործավարի աշխատասենյակներում։
«Հատկանշական է, որ կրիչներն ու փաստաթղթերը առգրավել են հենց այդ աշխատասենյակից, այսինքն՝ անօրինական», - նշեց փաստաբանը։
Նկատենք, որ քրեական գործը, որով դատավոր Դավիթ Գրիգորյանը առայժմ կասկածյալ է, պաշտոնեական կեղծիքի փաստի առթիվ է հարուցվել։ Հաղորդում տված անձը Սերգո Փանոսյանն է, սակայն նախաքննական մարմինը դեռևս այս տարվա փետրվարի 18-ին որոշել էր այդ հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժել։ Մերժման որոշումը հաստատվել է նաև գործը հսկող դատախազի կողմից։
Սակայն Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումից հետո, երբ գործն ուղարկվեց Սահմանադրական դատարան, Քոչարյանը ազատվեց կալանքից, իրավապահները որոշել են թարմացնել այն ու դրա հիման վրա էլ խուզարկություն է կատարվել։
Փաստաբան Մելիքյանը տեղեկացրեց, որ բողոքարկել են առաջին հերթին քրեական գործ հարուցելու որոշումը։ «Դատավորի նկատմամբ քրեական հետապնդումը կարող է հարուցվել բացառապես Բարձրագույն դատական խորհրդի համաձայնությամբ, այնինչ նման համաձայնություն չի եղել։ Իսկ քրեական գործ հարուցելու որոշումը ինքնին դատավորի իրավունքների և օրինական շահերի խախտումով է հարուցված և պահանջել ենք, որ այդ հիմքով քրեական գործի հարուցման որոշումը վերացվի», - ներկայացրեց Մելիքյանը։
Նշենք, որ Գլխավոր դատախազությունը ավելի վաղ դատավորի աշխատասենյակում կատրաված խուզարկության վերաբերյալ հանդես էր եկել պարզաբանմամբ՝ նշելով. «Իսկ աշխատասենյակում կատարված խուզարկությունը և առգրավումը հետապնդել են բացառապես մեկ իրավաչափ նպատակ՝ գործով ձեռք բերել պաշտոնեական կեղծիք կատարված լինելու հանգամանքը հաստատող կամ հերքող փաստական տվյալներ»