26/07/2019 10:13
«Հրապարակ». Արարատ Միրզոյանն իր սիրելիների հետ շարունակում է «վոյաժներն» ԱՄՆ-ում
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, հուլիսի 14-ից Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել էր ԱՄՆ։ Այցին մենք արդեն անդրադարձել ենք։ Պատվիրակության մի մասն արդեն վերադարձել է, իսկ Արարատ Միրզոյանը՝ իր սիրելիների հետ, շարունակում է «վոյաժներն» ԱՄՆ-ում։
Մենք պարզեցինք, որ Միրզոյանը նախապես պլանավորել է, որ իր հետ մինչև վերջ՝ հուլիսի 26-ը, պետք է մնան ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, իմքայլական Աննա Կարապետյանը, իսկ ԲՀԿ-ական Արման Աբովյանին ու Լիլիթ Մակունցին մոտ մեկ շաբաթ առաջ տուն են ուղարկել։ Ի դեպ, այցը բաժանվել է երեք մասի․ Մակունցն ու Աբովյանը մասնակցել են միայն առաջին մասի հանդիպումներին՝ 14-18-ը, Վաշինգտոնում։ Հուլիսի 19-21-ը Միրզոյանը եղել է Բոստոնում, կոնկրետ 20-ին հանդիպել է հայ համայնքի հետ, իսկ հուլիսի 25-26-ը, ըստ պաշտոնական լրահոսի, նա պետք է լինի Նյու Յորքում:
Սակայն Բոստոնի հայ համայնքի հետ հանդիպումից հետո ԱԺ կայքում որևէ հաղորդագրություն այլևս չկա ԱԺ նախագահի հանդիպումների մասին։ Ուշագրավ է, որ Մարուքյանը երեկ խուսափեց հարցից՝ ինքն ԱՄՆ-ո՞ւմ է, թե՞ ոչ։ Ասաց միայն, որ իր մասնակցությամբ այցն ավարտվել է հուլիսի 18-ին»: