26/07/2019 18:32
Թրամփը՝ Մյուլլերի ելույթի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարողացել ամբողջությամբ դիտել ԱՄՆ-ի Կոնգրեսում նախկին հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի ելույթը: Այդ մասին նա պատմել Է «Fox News» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Մյուլլերը չորեքշաբթի ելույթ է ունեցել ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավաբանական կոմիտեում և հետախուզության կոմիտեում կայացած ունկնդրումներում, որոնք նվիրված էին 2016 թվականին ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունների ընթացքին Ռուսաստանի միջամտությանը վերագրվող հանգամանքների՝ նրա կողմից կատարված հետաքննությանը:
«Ես դիտեցի մի քիչ հենց ամենասկզբից, չէի կարողանում հավատալ այն բանին, ինչ լսում էի: Իսկ հետո ես դիտեցի ցերեկը: Ես չկարողացա դա դիտել ամբողջությամբ, հանդիպումներ ունեի: Ստիպված էի դիտել բավականաչափ, և դա ցնցող էր», - ասել է Թրամփը:
Ընդ որում, նախագահը կրկին նշել է, որ հետաքննության շուրջ իրադրությունը համարում է «հեղաշրջման փորձ»:
«Դա խարդախություն էր: Ինչպես ասում են գործարարության աշխարհում, ապօրինի զավթում: Դա հեղաշրջման փորձ էր, ինչպես թվում է ինձ», - ավելացրել է նա:
ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները Ռուսաստանին վերագրում են միջամտություն 2016 թվականին ամերիկյան ընտրական գործընթացին: Մյուլլերի հետաքննությունը շարունակվել է գրեթե երկու տարի: Մասնավորապես, նա հետաքննել է ենթադրյալ նախահամաձայնությունը ՌԴ-ի իշխանությունների և հանրապետական Դոնալդ Թրամփի միջև: Արդյունքում հատուկ դատախազն ընդունել է, որ ոչ մի նախահամաձայնություն էլ չի եղել: