26/07/2019 19:20
Չեմ ցանկանում, որ Հրաչյա Պապինյանը հեռանա մեր թատրոնից. տնօրեն Կարինե Աղաբեկյանը չի պատրաստվում մակագրել թատրոնի գեղղեկի ազատման դիմումը
Հրաչյա Պապինյանը դեռ դիմում չի ներկայացրել,ներկայացնելու դեպքում էլ չեմ մակագրելու, Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ալավերդու քաղաքային թատրոնի Գեղարվեստական ղեկավարի աշխատանքից դուրս գալուն՝ տեղեկացրեց Ալավերդու Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Աղաբեկյանը:
«Պարոն Պապինյանի հետ որևէ տարաձայնություն չկա, տարաձայնությունը պատկան մարմինների հետ է, որ ինձ մեղադրում են թատրոնի աշխատակիցների՝ ոչ սիստեմատիկ աշխատանքի ներկայանալու համար: Դա գալիս է Պապինյանի՝ հաճախակի Երևան գնալուց։ Թեև ասեմ, որ աշխատանքը դրանից չի տուժում։ Այս պահին էլ նոր բեմադրության են պատրաստվում», - նշեց մեր զրուցակիցը:
Հարցին՝ գեղարվեստական ղեկավարի հաստիքի համար կա՞ այլ թեկնածու,նաև՝ ինչո՞վ է պայմանավորված աշխատանքից ազատվելու ցանկություն հայտնած գեղղեկի դիմումը չմակագրելու որոշումը՝ Կ. Աղաբեկյանը պատասխանեց.
«Նախ ասեմ, որ այլ թեկնածու չկա, ու հույս ունեմ, որ այս խնդիրը կհարթվի: Նաև, միանշանակ, չեմ ցանկանում, որ Հրաչյա Պապինյանը հեռանա մեր թատրոնից: Նա հմուտ, հարուստ փորձով ռեժիսոր է»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ալավերդու քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավար Հրաչյա Պապինյանը ֆեյսբուքի իր էջի միջոցով տեղեկացրել էր Ալավերդու քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավարի աշխատանքից ազատվելու մասին:
Aysor.am-ի հետ զրույցում վերջինս վստահեցրել էր, որ այդ որոշման առանցքում քաղաքական ենթատեքստ պետք չէ փնտրել, նաև՝ անձնական խնդիրներ չկան: Ազատումը կապ չունի ո՛չ իր քաղաքական հայացքների, ո՛չ էլ, առավելևս, ֆեյսբուքյան գրառումների հետ: Այստեղ զուտ թատրոնի աշխատաժամի հետ կապված տարակարծություններ են: