29/07/2019 17:10
Ուժեղացված ծառայություն. ՀՀ ոստիկանության պետը ուղղաթիռից հետևել է ծառայությանը (տեսանյութ)
Հուլիսի 28-ին՝ Վարդավառի օրը Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհով մեկ րոպեում միջինը անցել է 48 մեքենա: Այդ օրը ըստ նախնական հաշվարկների՝ նշված ճանապարհով երթևեկել է շուրջ 20 հազար տրանսպորտային միջոց, հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։
Քաղաքացիների ու ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով ոստիկանությունն անցել էր շուրջօրյա ուժեղացված ծառայության, որին ներգրավվել են ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, տարածքային բաժինների, ճանապարհային ոստիկանության, ոստիկանության զորքերի, պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողները:
Ոստիկանության և «Armenian Helicopters» կազմակերպության համագործակցության շրջանակում ուժեղացված ծառայությանը ուղղաթիռից հետևել է ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը:
Մինչ ծառայության անցնելը նա հանդիպել է ոստիկաններին, մաղթեց բարի ծառայություն: Տոնական տրամադրությունը չմթագնելու համար ոստիկանության պետը հորդորել անհանդուրժող լինել և ներողամտություն չցուցաբերել օրինախախտների հանդեպ, նրանց հայտնաբերել ու ենթարկել պատասխանատվության:
Արդյունքում՝ ուժեղացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանները կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ 1091 արձանագրություն, ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 84 մեքենա, որոնցից 60-ի վարորդները ոչ սթափ վիճակում են եղել։
Սևանի ափամերձ հատվածներում լիովին ապահովվել է հասարակական կարգը:
Նշենք նաև, որ մինչև ուշ գիշեր շարունակվել է մեքենաների հոսքը դեպի մայրաքաղաք: Ճանապարհային ոստիկանության ծառայողներն առանց հանգստի ապահովել են մեքենաների անվտանգ ու ապահով երթևեկությունը դեպի մայրաքաղաք:
Ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքում հպարտությամբ կարող ենք փաստել, որ որևէ լուրջ միջադեպ կամ պատահար տեղի չի ունեցել: