29/07/2019 19:27
Դավիթ Բաբայան. Որևէ մեկը իրավունք չունի ահաբեկել
Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում արձագանքել է Արցախում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ մեկնաբանություններին և ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի հայտարարությանը:
- Ներքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ վերջին օրերին մամուլը հաճախ է գրում Արցախում հանրահավաքների և բողոքի ակցիաների հնարավոր սցենարների մասին, որոնք որպես հետևանք կապվում են Սամվել Բաբայանի կողմնակիցների նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների հետ: Այս պահին Արցախում այդքան բարդ իրավիճա՞կ է ստեղծվել, թե՞ ամեն ինչ ավելի խտացված ձևով է ներկայացվում:
- Ընդհանրապես բոլոր այն գործընթացները, որոնք օրենքի սահմաններում են անցկացվում, որևէ խնդիր չեն կարող ունենալ, իսկ հանրահավաքները նույնպես օրենքով կարգավորված են, և եթե ամեն ինչ օրենքով է, ապա այդտեղ ես որևէ բացասական երևույթ չեմ տեսնում:
Բայց նորից եմ կրկնում, ամեն ինչ պետք է լինի օրենքի սահմաններում: Արցախում չպետք է լինեն մարդիկ, որոնց ամեն ինչ արգելված է կամ հակառակը՝ ամեն ինչ թույլատրվում է: Եվ եթե մենք այս ձևով ենք մոտենում ցանկացած հարցի, ապա կարծում եմ՝ դա իսկական ժողովրդավարական և ամուր պետության հատկանիշների դրսևորում կլինի:
- ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը իր վերջին հարցազրույցում հայտարարել էր, որ Արցախում որպեսզի արդար ընտրություններ լինեն, ապա Բակո Սահակյանը պետք է հրաժարական տա, և նշել էր, որ իրենք չեն ուզում Արցախում ընդհարում, արյունահեղություն լինի, չեն ուզում պետությունը ցնցել: Սա արդյոք վերջնագրի է նման կամ ինչ-որ տեղ սպառնալի՞ք է՝ ուղղված Արցախի իշխանությանը:
- Տարբեր մարդիկ տարբեր կարծիքներ ունեն: Դա այդ մարդու անձնական կարծիքն է: Ես նշեցի, որ ամեն ինչ պետք է լինի բացառապես օրենքի սահմաններում: Արցախի ժողովուրդը օրինապաշտ է իր էությամբ: Հետևաբար և՛ պետության, և՛ տարբեր քաղաքական ուժերի կողմից պետք է արվի ամեն ինչ, որպեսզի օրենքի գերիշխանությունը պահպանվի:
- Պարոն Բաբայն, օրերս մամուլը գրել էր, թե Գագիկ Մելքոնյանը և «Ազատամարտիկների դաշինքի» ներկայացուցիչ Ռազմիկ Պետրոսյանը Քարվաճառում ահաբեկելով և սպառնալիքների միջոցով փորձում են մարդկանց ակտիվացնել ընդդեմ գործող իշխանությունների։ Նման տեղեկություններ ունե՞ք դուք:
- Ես չունեմ նման տեղեկություն: Առհասարակ, խոսքը բոլորին է վերաբերում՝ որևէ մեկը իրավունք չունի ահաբեկել և մարդկանց կամքին հակառակ գործել, կապ չունի, թե դա ով է՝ իշխանության, թե այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչ: Բոլորը պետք է պահեն օրենքի գերիշխանությունը: Եթե մենք ուզում ենք նորմալ ժողովրդավար պետություն կառուցել, ապա դրա կարևորագույն բաղադրամասը օրինապաշտությունը պետք է լինի: Հետևաբար պետք է բոլորս էլ շարժվենք այդ տրամաբանությամբ: