29/07/2019 14:16
Դատավոր Դավիթ Գրիգորյանը մեղադրյալի կարգավիճակ չունի
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում շարունակում է վկայի կարգավիճակ ունենալ, նա դեռ մեղադրյալ չէ, Aysor.am-ին տեղեկացնում են Հատուկ քննչական ծառայությունից։
Ամենայն հավանականությամբ, դատավորի վերաբերյալ քրեական գործի մասին հայտարարությամբ հանդես կգա ՀՀ գլխավոր դատախազությունը։
Այս պահին հայտնի է, որ քրեական գործը հարուցվել է պաշտոնեական կեղծիքի մեղադրանքով։ Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարել էր, որ հուլիսի 26-ին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել միջնորդություն՝ երեք դրվագով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիք) հատկանիշներով քննվող քրեական գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին։
Բարձրագույն դատական խորհուրդը, հուլիսի 26-ին քննելով միջնորդությունը, լսելով ինչպես ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա․ Հարությունյանին, այնպես էլ դատավոր Դ․ Գրիգորյանին, որոշել է ներկայացված միջնորդությունը երկու դրվագներով բավարարել, իսկ մեկով՝ մերժել։ Արդյունքում Դավիթ Գրիգորյանի լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են։
Նկատենք, որ Բարձրագույն դատական խորհրդի նիստն անցել է առանց դրա նախագահ Ռուբեն Վարդազարյանի. նա արձակուրդում է և մեր տեղեկություններով, երկրից դուրս՝ Հռոմում։
Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը Aysor.am-ին ասաց, որ եթե լիազորությունները կասեցվում են, ապա իրավապահները պատրաստվում են մեղադրանք առաջադրել, սակայն այլ մանրամասներ այս պահին նա ձեռնպահ մնաց փոխանցել։
Դավիթ Գրիգորյանը, հիշեցնենք, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով որոշում կայացրած դատավորներից մեկն էր։ Նա մայիսի 18-ին որոշել էր Քոչարյանի ու մյուսների վերաբերյալ քրեական գործի վարույթը կասեցնել ու դիմել Սահմանադրական դատարան՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը լուծելու համար։