29/07/2019 13:27
Ոչ մի ճաղ չի կարող Քոչարյանին արգելել զբաղվել քաղաքականությամբ. Վիկտոր Սողոմոնյան
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը պնդում է, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այժմ էլ քաղաքականության մեջ է։
«Հույս ունեմ, որ նա երկար ժամանակ չի մնա կալանքի տակ։ Ոչ մի ճաղ չի կարող արգելել մարդուն զբաղվել քաղաքականությամբ։ Նրա մտադրությունները ոչ մի գրամ չեն փոխվել՝ նա կզբաղվի քաղաքականությամբ՝ ինչ չափով, ինչ ձևով, ինքը կորոշի կամ իրավիճակը կթելադրի», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ե՞րբ է հնարավոր սպասել Ռոբերտ Քոչարյանին քաղաքականության մեջ և արդյոք հնարավոր է ճաղերից այն կողմ զբաղվել քաղաքականությամբ։
Նա ասաց, որ հավանաբար վաղը կհրապարակվի նախկին նախագահի հաջորդ հարցազրույցը, որտեղ նա ներկայացնելու է իր մոտեցումները։
Սողոմոնյանի խոսքով՝ անվիճարկելի է, որ ներկայումս «բարենպաստ պայմաններ» են ստեղծվել Քոչարյանի քաղաքականությամբ զբաղվելու համար։
«Ես, ցավոք, վատ առիթով, բայց համոզվեցի, որ մենք շատ լավ քաղաքական դերակատարներ ունենք, բարձր պրոֆեսիոնալներ, պետական, հասարակական գործիչներ, որոնք չեն վախենում իշխանություններից։ Ամփոփեմ՝ նախագահ Քոչարյանը քաղաքականության մեջ է՝ անկախ նրանից, բանտո՞ւմ է, թե՞ ոչ։ Մտածել, որ մարդուն հնարավոր է ապօրինի կալանքով ստիպել հրաժարվել իր մտադրությունից, դա ուղղակի միամտություն կլինի», - հայտարարեց Սողոմոնյանը։