30/07/2019 21:00
Դատավոր Դավիթ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, Aysor.am-ին տեղեկացրեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիք կատարելը։
Գրիգորյանին պաշտպանելու պատրաստակամություն հայտնած տասնյակից ավելի փաստաբաններից Երվանդ Վարոսյանը Aysor.am-ին տեղեկացրեց, որ Գրիգորյանը հայտարարել է, թե չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը և ասել, որ այս քրեական գործը ուղիղ կապ ունի իր` որպես դատավորի մասնագիտական գործունեության ընթացքում մեկ այլ գործով կայացված երկու որոշումների հետ։
Գրիգորյանը, նկատենք, ակնարկում է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործը, որի վերաբերյալ ինքը որոշել էր կասեցնել այդ գործի վարույթը և քրգործը ուղարկել Սահմանադրական դատարան։
«Սա հերթական առիթն էր համոզվելու, որ իրականացվողը իրավական գործընթաց չէ, այլ ուղղակի հետապնդում է դատավորի նկատմամբ, որով փորձ է արվում սաստել նաև մյուս դատավորներին։ Միաժամանակ, այսպես լուծվեց նաև Ռոբերտ Քոչարյանի գործն այլ դատավորի փոխանցելու հարցը»,– նշեց փաստաբանը։