30/07/2019 12:18
Կարծում եմ` իշխանության հարցն ամեն պարագայում կորոշվի փողոցում՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով. Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Գոլոս Արմենիի» թերթին տված հարցազրույցում պատասխանել է հարցին, թե ինչո՞ւ է ցանկանում վերադառնալ քաղաքականություն:
Քոչարյանը նշել է, որ առանց կառավարչական փորձի, կանխատեսելի թիմի և երկրի տնտեսական ու սոցիալական զարգացման հայեցակարգային ծրագրի, անհնար է երկրի հաջող արդիականացման, բարեփոխումների և արդյունավետ կառավարման իրականացումը:
«Ես Ղարաբաղում ու Հայաստանում նախագահելու հաջողված փորձ ունեմ: Վերջին 10 տարիներին եղել եմ տնտեսության ամենատարբեր բնագավառներում աշխատող խոշոր ներդրումային ընկերության տնօրենների խորհրդի անդամ: Այնպես որ` ռազմական ու պետական շինարարության, սոցիալ-տնտեսական մասշտաբային բարեփոխումների իրականացման եզակի փորձ ունեմ, ինչպես նաև ժամանակակից բիզնեսի մեխանիզմների գործադրման ընկալում: Հայաստանում շատ են արդյոք նման փորձ ունեցող մարդիկ», - ասել է նա:
Հարցին, թե ե՞րբ է հայտարարելու՝ ինչպիսին է իր պատկերացրած ընդդիմության կոնկրետ ձևաչափը, որի նպատակն է լինելու ձևավորել «կոնսենսուս մինուս մեկ» իրավիճակ, Քոչարյանն ասել է.
«Կարծում եմ` «կոնսենսուս մինուս մեկ»-ը, որպես գաղափար, արդեն ձևավորվել է քաղաքական դաշտում: Բոլորը տեսնում են, որ պետական ապարատը ծառայում է ոչ թե երկրի զարգացման ծրագրերին, այլ մեկ մարդու բնազդներին ու քմահաճույքներին, որ բխում են նրա` ծայրահեղ պարզունակ աշխարհայացքից: Իշխանությունների պարզունակության և ֆունկցիոնալ իմպոտենցիայի մասին այսօր խոսում են բոլորը: Այսինքն` ընդդիմության դաշտում համախմբման համար բարեբեր հող կա: Սակայն չեմ կարծում, որ համախմբման միասնական կենտրոնը կստեղծվի միանգամից: Ենթադրում եմ, որ ձգողականության տարբեր ուժով մի քանի կենտրոն կլինի, սակայն դրանց միջև ակտիվ համագործակցություն կապահովվի։ Ընդ որում` հենց այդտեղ կկենտրոնանա հասարակության քաղաքականապես ակտիվ մտավոր հատվածը: Այդ գործընթացներում ես կարևոր օղակ կլինեմ, սակայն ամենևին ոչ` միակը: Երկրին հարկավոր է առողջ ուժերի լայն համախմբում: Այդ գործընթացն անպայման կհանգեցնի նաև խորհրդարանական ընդդիմության արմատականացմանը, այլապես` այն կկորցնի իր ընտրազանգվածը: Աշնանն ընդդիմության դաշտում համախմբման և գործընկերության ձևավորման գործընթացը կավարտվի, և քաղաքական պայքարը կստանա համակարգված ու մասշտաբային բնույթ»:
Ռոբերտ Քոչարյանը չի բացառել, որ իշխանության հարցն, ամենայն հավանականությամբ, կլուծվի փողոցում:
«Կարծում եմ` իշխանության հարցն ամեն պարագայում կորոշվի փողոցում... արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով: Կառավարման այս որակով ներկայիս իշխանությունը երկար չի դիմանա և վերընտրվելու հեռանկարներ չունի: Ընտրողը լիուլի կուշտ կլինի պոպուլիստներից և ավելի պահանջկոտ կլինի ընտրություն կատարելիս», - ասել է նա: