30/07/2019 19:53
Սուդանի նախկին նախագահին բանտից բաց են թողել մոր հուղարկավորությանը մասնակցելու համար
Սուդանի իշխանությունները թույլ են տվել Սուդանի նախկին նախագահ Օմար ալ Բաշիրին դուրս գալ բանտից, որպեսզի կարողանա մասնակցել մոր հուղարկավորությանը, գրում է սուդանյան «Ալ Սուդանի» թերթը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին:
«Սուդանի իշխանությունները թույլ են տվել բաց թողնել ձերբակալված նախագահ Օմար ալ Բաշիրին Քուբար բանտից՝ մոր հուղարկավորությանը մասնակցելու համար, որը մահացել է երկուշաբթի, Խարթումի հիվանդանոցում»,- գրում է թերթը։
Համաձայն պարբերականի տվյալների՝ ալ Բաշիրը դուրս է եկել երկրի պաշտպանության նախկին նախարար Աբդելռահիմ Մոհամադ Մուհիբի ուղեկցությամբ։ Հոգեհանգստի վայրում շատ ոստիկաններ են եղել։
Ականատեսների վկայությամբ՝ պետության նախկին ղեկավարը Համեդ գերեզմանատանը շրջապատված է եղել անվտանգության ծառայությունների աշխատակիցներով։
Սուդանում ռազմական հեղաշրջումը տեղի է ունեցել ապրիլի 11-ին, չորս ամիս տեւած ժողովրդական բողոքների ֆոնին։ Նախագահ Օմար ալ Բաշիրը հեռացվել է իշխանությունից, իսկ ավելի ուշ բանտարկվել։