30/07/2019 19:09
Շատերն են ուզում կոտրել և փչացնել համերաշխ ու խաղաղ ընտանեկան ու աշխատանքային կյանքս. Նորա Գրիգորյանի մտորումները՝ 26-ամյակին
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի ռեժիսոր Նորա Գրիգորյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: 26-ամյա ռեժիսորը Aysor.am-ի հետ զրույցում ընդգծեց՝ այս տարի իր օրը որոշել է անցկացնել միայն այն մարդկանց հետ, ովքեր իր կողքին լինելու ցանկություն ունեն: Իսկ նրանց թվում առաջին հերթին մեծ ու համերաշխ ընտանիքի անդամներն են, որոնց կաղմից հոբելյարն արդեն իսկ գեղեցիկ անակնկալ է ստացել:
«Ծննդյանս անակնկալները սկսվել են ուղիղ կեսգիշերից. եղբայրս ու մայրս՝ տորթով ու մոմերով, ամուսինս՝ մեծ ծաղկեփնջով, շնորհավորեցին ու անակնկալի բերեցին ինձ: Գիտեմ, որ Պարոնյան թատրոնի դերասանուհիներն են գալու, ինչը կրկին հաճելի անակնկալ է ինձ համար: Նաև ասեմ՝ քչերը գիտեն, բայց ես սուշիի սիրահար եմ: Ու այս անգամ ստացել եմ Սուշի ռեստորանի նվեր-քարտ, որի միջոցով կարող եմ մի քանի անգամ վայելել սիրածս ուտեստը», - նշեց նա:
26-ամյա ռեժիսորն արդեն իսկ հասցրել է վայելել բազմազավակ մայրիկի կարգավիճակը. նրա և դերասան Էրվին Ամիրյանի առաջնեկները շուտով 3 տարեկան կդառնան, իսկ կրտսեր դուստրը՝ Ալեքսանդրան, 20 օրական է: Մայրիկի խոսքով՝ այս տարիքում նման պատասխանատվություն ստանձնելն ամենևին էլ վախենալու չէ: Առավելևս, որ նորածին դստրիկը հանգիստ «ճուտիկ» է: Խոստովանում է՝ երջանիկ է ու անչափ ուրախ, որ երեք հրեշտակների մայր է, սիրված կին, քույր ու զավակ:
Նորա Գրիգորյանի համար ամենահիշարժան ծննդյան տարեդարձը նախորդն էր՝ հոբելյանական 25-ը:
«Ամուսինս մեծ ծնունդ էր կազմակերպել: Ուսանողներիս, ընկերներիս ու ընտանիքիս հետ միասին շատ ուրախ, հրաշք օր եմ ունեցել: Շնորհակալ եմ ամուսնուս, որ չի կորցնում պահն ինձ երջանկացնելու համար», - հիշեց նա:
Ամփոփելով ապրած 26 տարին՝ հոբելյարը նշեց, որ չկա մի բան, ինչի համար ափսոսում է: Վստահ է՝ այն, ինչ լինում է, ճիշտ է լինում: Միակ ցավն ու կարոտը հայրն է:
«Հիմա այնքան խաղաղ է ներսս: Բեմադրություններ անելու տարբեր հրավերներ ունեմ, հրաշք ընտանիք ու երեխաներ: Ինչպես ռուսերենում է ասվում՝ «я обрела покой», ինձ հիմա միայն սերն է ղեկավարում …Իսկ միակ ցավն ու կարոտը հայրս է. այդպիսի մարդիկ, թվում է, թե հավերժ են», - նկատեց մեր զրուցակիցը:
Ինքն իրեն ռեժիսորը միայն մեկ մաղթանք ունի՝ այն, ինչ ստեղծել է ու ունի, նաև՝ բեմական նոր ընկերներն ու ծանոթությունները՝ մնան ու միշտ իր կյանքում լինեն:
«Շատերն են ուզում կոտրել և փչացնել համերաշխ ու խաղաղ ընտանեկան ու աշխատանքային կյանքս: Ու հիմա ոչ թե մաղթում, այլ՝ վստահ ասում եմ՝ ձեզ մոտ դա ոչ մի դեպքում չի ստացվի: Իսկ բոլորին մի քիչ սեր եմ մաղթում ու մարդկություն», - մեզ հետ զրույցը ժպիտով եզրափակեց ռեժիսորը:
Aysor.am-ը ծննդյան տոնի կապակցությամբ ևս շնորհավորում է Նորա Գրիգորյանին՝ մաղթելով անձնական ու ստեղծագործական վերելքներ: