31/07/2019 19:30
Իրանը միակողմանի չեղարկել է Չինաստանի հետ վիզային ռեժիմը
Իրանի Իսլամական Հանրապետությունը միակողմանի չեղարկել է Չինաստանի հետ վիզային ռեժիմը՝ ներառյալ հատուկ վարչական շրջաններ Հոնկոնգի և Մակաոյի բնակիչների համար, ասվում է Չինաստանում Իրանի դեսպանատան հաղորդագրության մեջ:
«Հաղորդագրության համաձայն՝ ՉԺՀ քաղաքացիներն այսուհետ կկարողանան զբոսաշրջային և բիզնես ուղևորությունների նպատակով առանց վիզայի Իրանի տարածք մուտք գործել, ընդ որում՝ յուրաքանչյուր մուտքից հետո երկրի տարածքում թույլատրվում է մնալ ոչ ավելի, քան 21 օր», - ասվում է դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ:
Դեսպանատունը հայտնում է, որ Իրանում չեն գործում «UnionPay», «Visa» և «Mastercard» կրեդիտ քարտերը, ինչպես նաև չի թույլատրվում երկրի տարածքից տանել ալկոհոլային խմիչքներ, խոզի միս, զենք, զինամթերք, պոռնոգրաֆիկ բնույթի գրքեր և ամսագրեր, նաև իսլամի կամ Իրանի Իսլամական Հանրապետության հասցեին քննադատություն պարունակող գրքեր:
Դեսպանատնից զգուշացնում են նաև, որ կանայք պարտավոր են երկրի տարածքում գլուխը ծածկել, կրել երկար թևքերով հագուստ՝ չցուցադրելով մարմինը, իսկ տղամարդկանց արգելվում է շրջել կիսատաբատով:
Նշենք, որ Իրանի քաղաքացիներին Չինաստան այցելելու համար դեռևս վիզա է անհրաժեշտ: